
Panorama.am. 9-5-2012- Այսօր անդրադառնալով 1992 թվականին Շուշիի ազատագրմանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարևորեց այդ հաղթանակի և´ ռազմական, և´ քաղաքական ասպեկտներն ու նշանակությունն ամբողջ հայության համար: «Գետաշենի և Մարտունաշենի եղեռնը վերապրելով` հաղթանակ ենք տանում, պատկերացնո՞ւմ եք, թե դա որքան մեծ կարևորություն ուներ, մանավանդ` ապացուցելու համար, թեկուզև միայն հայկական սփյուռքին, որ այստեղ ապրող հայ ժողովրդի հատվածը ի վիճակի է հաղթանակներ տանել թշնամու դեմ»,- հավելեց Ս. Շաքարյանցը:
Նա նշեց, որ շատ ուժեր` Ռուսաստանում ու Եվրոպայում, այդ շրջանում օժանդակել են Ադրբեջանին: Ադրբեջանի կողմից մարտնչել են բազմաթիվ երկրներից եկած վարձկան զորքեր, ինչպես նաև տարբեր հարցերում` պայմանավորված ադրբեջանական նավթի հանգամանքով, Ադրբեջանին «պռախոդ» է տրվել: «Իսկ թուրքերը օգնում էին Ադրբեջանին հենց առաջին վայրկյանից. նրանք մասնակցել են պատերազմին տարբեր կարգավիճակներով»,- ընդգծեց բանախոսը: Նա անդրադարձավ նաև Իրանի կողմից խաղարարական միջնորդության փորձին` նշեց, որ այն ձախողվել էր, մասնավորապես ընդգծելով արդեն Շուշիի ազատագրումից հետո արված համապատասխան հայտարարությունը, որում ասվել է, որ «Իրանն այլևս չի կարող շարունակել իր միջնորդությունը, քանի որ քաղաքական իրավիճակը փոխվել է: Սա Շուշիի ազատագրմանը տրված առաջին գնահատականն է դրսից»,- ասաց Ս. Շաքարյանցը: Բանախոսի համոզմամբ` Իրանին միշտ էլ ձեռնտու է եղել հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրումը և այս տարածաշրջանում թուրքական ազդեցության նվազումը:
No comments:
Post a Comment