ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն իր բլոգում տեղադրել է ուշագրավ մի վերլուծություն, այն ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հունիսի 4-ին Երեւան, իսկ հաջորդող օրերին Վրաստան (հունիսի 5), Ադրբեջան (հունիսի 6) ու Թուրքիա (հունիսի 7) ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը դեռ շատ քննարկումների առարկա կդառնա: Հանրության համար հնչեցված պաշտոնական հայտարարություններում թե ԱՄՆ պետքարտուղարը, թե հայ պաշտոնյաները արդեն իսկ նշել են երկկողմ հետարքրություն ներկայացնող որոշ հարցերի շրջանակ: Սակայն քիչ հավանական է, որ զրուցակիցները բավարարվել են միայն դրանով: Հեռավոր Արկտիկայից կովկասյան տարածաշրջանում առաջինը Հայաստան, այնուհետեւ' նրա խնդրահարույց հարեւան երկրներ ու Ստամբուլում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսի շտապող ու մշտապես Իրանի միջուկային ծրագրով մտահոգ ԱՄՆ պետքարտուղարը մի կողմից, եւ տարածաշրջանում շրջափակման մեջ դժվարությամբ գոյատեւող, Իրանի հետ կապված զարգացումներում հստակ դիրքորոշումներ չունեցող եւ արդեն իսկ ադրբեջանական բացահայտ ագրեսիային դիմակայող Հայաստանի նախագահը' մյուս կողմից, դժվար թե բավարարված լինեն միայն հրապարակային հայտարություններում ուրվագծվող շրջանակով: Սակայն այս ամենին անդրադառնանք հերթով: Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություննե՞ր 2010թ. ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցը Հայաստան համընկավ ԱՄՆ անկախության օրվա' հուլիսի 4-ի հետ: Այս մի աշխատանքային այցը զուգակցվում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Նախագահական նստվայարում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում վերջինս մասնավորապես արձանագրում է, որ «այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում եւ այսօր գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա», եւ որ դրանց հիմքում ընկած են «մեր ժողովուրդների կապերի շատ ավելի խորը պատմությունը», «Միացյալ Նահանգներում բնակվող հոծ հայկական համայնքը», «ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարները», «փոխադարձ հարգանքը եւ վստահությունը», երբ «մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին», եւ վերջապես' «Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում», որը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանը: (http://www.president.am/events/news/arm/?id=2183): Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարը այդ համագործակցությունը որակում է սոսկ գործընկերություն, իսկ իր, ԱՄՆ ու ՀՀ նախագահների հարաբերությունները' ընկերական. «Ես եւ Նախագահ Օբաման բարձր ենք գնահատում Ձեզ հետ ունեցած մեր շփումները: Ես եւ Դուք շատ ու շատ զրույցներ ենք ունեցել, եւ ինչպես Դուք նշեցիք, դրանք շատ անկեղծ են եղել, ինչն էլ բնորոշ է ընկերներին» (http://www.president.am/events/news/arm/?id=2183): Որքան էլ Հիլլարի Քլինթոնը տեսախցիկների առջեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ընդամենը ակնկալում է պաշտոնական Երեւանի հետ երկխոսության շարունակականություն եւ ԱՄՆ անունից պատրաստակամություն է հայտնում հետայսու էլ «սատարել Հայաստանի եւ նրա ժողովրդի զարգացմանն ու աճող բարեկեցությանը», այս հարցի կապակցությամբ պատասխանը հնչեցնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը' հայտարարելով, որ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը հիանալի հիմք է դրանց հետագա զարգացման, ամրապնդման եւ ընդլայնման համար»: Հայաստանի եւ ԱՄն-ի միջեւ երկուստեք շահեկանության սկսզբունքով հարաբերությունների խորացման ու դրանում շահագրգռություններ հայտնելու մեջ տարօրինակ ոչինչ չկա: Հատկապես, երբ այդ հարաբերությունները թեպետ այսօր «պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա» են, սակայն ընդամենը «գործընկերային են»: Հետեւաբար, հաշվի առնելով այդ հարաբերությունների հիմքերի լայն շրջանակը, որ Սերժ Սարգսյանն է թվարկել, դրանք ընդլայնվելու եւ ռազմավարական դառնալու մեծ դաշտ ունեն: Իսկ ԱՄՆ պետքարտուղարի հաջորդող այցը հունիսի 5-ին Բաթումիում ԱՄՆ-Վրաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստը բացելու նպատակով Հայաստանի համար տեսանելի է դարձնում երկու երկրների հարաբերությունների ռազմավարական դարձնելու ու ընդլայնման հեռանկարի բնույթը: Արձանագրել է պետք, որ աչքի է զարնում գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հարաբերությունների ընդլայնման այնպիսի ընդհանուր հիմքի հիշատակումը, ինչպիսին «ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարներն» են, որ հավասարապես կիսում են Հայաստանի եւ ԱՄՆ ժողովուրդները: Իսկ ընդհանուր արժեքային հիմքի վրա (անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանն իր կառավարման ընթացքում որքանով է կյանքի կոչում դրանք) հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը խոսում է Հայաստանի արեւմտականացման ծրագրի ու դրան հավանություն կամ պատարստակամություն տալու մասին: Այդ մասին են վկայում համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի կողմից թվարկված հարցերի շրջանակը, որոնք նա հանգամանորեն քննարկել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում. հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, Հայաստանի խաղարար առաքելությունն Աֆղանստանում, Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ (Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, այդ թվում' Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու հայ-թուրքական արձանագրությունների կարգավիճակը), ինչպես նաեւ' տարածաշրջանի անվտանգության հարցերը (ղարաբաղյան հակարմարտության կարգավորում) ։ Դա արձանագրեց նաեւ նրա հայ պաշտոնակիցը նշելով, որ «Հիլլարի Քլինթոնի այս այցելությունը Հարավային Կովկաս, ամեն ինչից զատ, վկայում է տարածաշրջանի նկատմամբ Վաշինգթոնի հատուկ վերաբերմունքի մասին» (http://news.am/arm/news/108156.html): Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ամրապնդման եւ ընդլայնման համատեքստում ի՞նչ են ակնկալում պաշտոնական Երեւանն ու Սերժ Սարգսյանը: Հիլլարի Քլինթոնի հայտարարությունները մասամբ լույս են սփռում հրապարակված խնդիրների վերաբերյալ Երեւանի ակնկալիքների կապակցությամբ: Ղարաբաղյան խնդիր. նորից մադրիդյան սկզբունքնե՞ր Ղարաբաղյան խնդրի ու հենց ԱՄՆ պետքարտուղարի այցի օրը հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված դիվերսիայի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, թե խնդրի ռազմական լուծում գոյություն չունի եւ չի կարող ունենալ. «Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը», հակամարտության կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, Քլինթոնը հայտարարել է, որ նույնը կասի նաեւ Բաքվում' հունիսի 6-ին: «Նման միջադեպերը իրենց մեջ սպառնալիք են պարունակում, որ կարող են վերաճել ավելի վատ միջադեպերի' ավելի բարդ հետեւանքներով», ասել է նա, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է ամեն ինչ, որպեսզի խուսափենք դեպքերի նման զարգացումից: Այսինքն, պաշտոնական Երեւանի կարճաժամկետ ակնկալիքների տեսակետից ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է խիստ ուղերձ հասցնել Բաքվին' ուժով խնդիրը լուծելու անթույլատրելիության մասին: Իսկ հակամարտության կարգավորման կապակցությամբ արել է եւս երեք ուշագրավ հայտարարություն. 1. «Հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան ակտի երեք սկզբունքների հիման վրա' առանց դրանցից մեկին առաջնահերթություն տալու: Անհրաժեշտ է շարունակել գործընթացը, բոլոր կողմերի շահերից բխող լուծում գտնելը եւ խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից», 2. «Անհրաժեշտ է խնդրի վերջնական լուծման ուղի գտնել եւ դրանում կարեւոր է ոչ միայն նախագահների, այլ նաեւ երկու երկրների քաղաքացիների դերը»,-նշել է Քլինթոնը, հավելելով, որ դա երկար ճանապարհ է, բայց պետք է առաջ շարժվել (http://news.am/arm/news/108150.html): 3. Չկա կապ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու ԼՂ հակամարտության կարգավորման միջեւ. «Մի հարցի կարգավորումը չպետք է կապվի կամ նախապայման լինի մյուսի համար» (http://panorama.am/am/analytics/2012/06/04/clinton-armenia-turky-reletions/#.T80C9TTG6dw.facebook): Բացի Երեւանի համար կարեւորվող խիստ ուղերձը Բաքու հասցնելուց, փաստացի ԱՄՆ-ը պարտավորվում է տարածքային ամբողջականությանը չստորադասել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, երեք սկզբունքների “հաշտեցման” համար պատկերացնում է երկար ճանապարհ, ասել է թե' նաեւ երկար ժամանակ, եւ առաջին անգամ իրարից զատել է այն, ինչը նախկինում չէր անում' հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրը: Հիշեցնենք, որ նախկինում պաշտոնական Վաշինգթոնը երկիմաստ ձեւակերպում էր, թե երկու գործընթացները զուգահեռ գծեր են, եւ պետք է հավասարապես ընթանան ու օժանդակեն միմյանց: Հայ-թուրքական հարաբերություններ. արձանագրությունները վերստին գործողության մե՞ջ Հնչեցված հայտարարություններից դատելով, եթե ՀՀ իշխանությունների համար կարեւորվել են ղարաբաղյան հակամարտությունն ու շփման գծի վրա ներկայիս լարրածության աճը, ապա ԱՄՆ հետարքրքրությունը գերազանցապես դրսեւորվում է հայ-թուրքականով առանցքով: Ընդգծելով, որ տարածաշրջանային այս երկու կարեւոր հարցերում էլ ԱՄՆ-ն կմնա ակտիվորեն ներգրավված, Հիլլարի Քլինթոնը նշում է, «Մենք հավատացած ենք, որ այս երկրները պետք է բաց սահմաններ ունենան, իրար հետ առևտուր անեն, մարդիկ պետք է հատեն սահմանները, որովհետև երկու կողմերի համար էլ դա կարեւոր է: Եվ այսօրվա իմ այցի նպատակներից մեկը շարունակելն է աշխատել այս երկու շատ կարեւոր, բայց միմյանցից չկախված ու միմյանցից անջատ հարցերի վրա» (http://panorama.am/am/analytics/2012/06/04/clinton-armenia-turky-reletions/#.T80C9TTG6dw.facebook): Տեսանելի է, որ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ Վաշինգթոնի նախկին դիրքորոշման փոքրիկ խմբագրումից զատ, ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական Երեւանից ակնկալում է ոչ թե հավելյալ բանակցություններ, այլ պարզապես հավատարմություն արդեն իսկ սկսված գործընթացին, եւ ոչ թե ետքայլ: «Գնդակը դեռ Թուրքիայի դաշտում է, Հայաստանն իր գործն արել է: Ես ուրախ եմ տեսնելու, որ թե Թուրքիայում եւ թե Հայաստանում հասարակության մեջ շատ են քննարկումները, ինչը կարևոր է երկու կողմերին էլ առաջ շարժվելու համար»: Հավելյալ չբանակցելու հրապարակային հայտարություն արեց նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանը. «Եւս մեկ անգամ հայտարարեմ' բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել: Դրանք ավարտվել են, որոնց արդյունքում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններ, որոնք այսօր Թուրքիան չի ցանկանում հարգել եւ իրականացնել ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելով: Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ դա միջազգային հանրության մոտեցումն է, որի մասին նշեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարը» (http://panorama.am/am/analytics/2012/06/04/clinton-armenia-turky-reletions/#.T80C9TTG6dw.facebook) : Իսկ չբանակցելը չափազանց վտանգավոր է եւ նշանակում է սահմանի ճանաչման ու պատմական չափման միջկառավարական հանձնաժողովի թուրքական նախապայմանները թողնել արձանագրություններում եւ բավարարվել միայն նրանով, որ ԱՄՆ պետքարտուղարի բանավոր հայտարարությամբ ղարաբաղյան խնդիրը այլեւս «փոխկապակցված» չէ հայ-թուրքական գործընթացին: Մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը ակնհայտորեն ապասառեցվում է եւ անկախ այն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը կապակցելուց, կարիք է ունենալու առնվազն սառեցնել կամ կարգավորել որեւիցէ միջամտությամբ, ասել է թե' կարգավորման ակտիվացմամբ: Իսկ այս պահին դա շարունակվելու է Մադրիդյան առաջարկների հիմքով ու ԼՂ բացակայությամբ, քանի դեռ վերջինիս մասնակցության ու նոր էջից սկսելու պահանջ չի դրվել: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարարը կրկին շտապել է հայտարարել, թե չի բանակցելու.... Նախագահական ընտրությունների քարտ-բլա՞նշ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, հիշատակելով «անձնական անկեղծ շփումները» վերոնշյալ ու այլ խնդիրներով զորւյցների ժամանակ, Հիլլարի Քլինթոնը նաեւ հիշեցնում է. «Եվ ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով, ակնկալում ենք շարունակել երկխոսությունը: Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել եւ աջակցել Ձեր շարունակական գործունեությանը' որպես հիանալի առաջնորդ» (http://www.president.am/events/news/arm/?id=2183): Ի՞նչ է սա, եթե ոչ գալիք նախագահական ընտրություններում վերընտրվելու հայտ ներկայացրած Սերժ Սարգսյանին ուղղակի աջակցության պատրաստակամություն, եթե վերջինիս իշխանությունը համաձայնի շարունակել երկխոսությունը նշված ու չնշված հարցերի լուծումներ գտնելու ուղղությամբ: Իհարկե, ընտրությունների կապակցությամբ բավականին երկիմաստ է Հիլլարի Քլինթոնի հայտարարությունները: Նա նշել է, թե հանդիպել է իրավապաշտպանների հետ (ասել է թե' տեղյակ է ընտրությունների կապակցությամբ քննադատություններին), եւ ուրախ է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների բավականին բարձր գնահատականների համար, որոնց համաձայն բոլոր թեկնածուներն հիմնականում ունեցել են հավասար մրցակցային պայմաններ: Սակայն նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի հետ միասին կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների ուղին եւ հաջորդ ընտրություններն ավելի ժողովրդավարական ու թափանցիկ կլինեն։ «Սա մի գործընթաց է, որ չի ավարտվում մեկ ընտրություններով կամ մեկ կոնկրետ քայլով: Մենք հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի ուժեղ քայլեր ձեռնարկելու իր ժողովրդավարական ինստիտուտները հզորացնելու, կաշառակերությունը արմատախիլ անելու, մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու և այլնի համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը (http://panorama.am/am/politics/2012/06/04/clinton-about-elections/#.T80CgfU8rpI.facebook): Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի կատարելագործվել, եւ կհասնի «ընտրությունների՝ առանց ընտրակաշառքների» (http://news.am/arm/news/108154.html): Թե այդ ժամանակ ԱՄՆ վարչակազմը ընտրությունների ո՞ր բնութագրիչը (առաջընթա՞ց, թե՞ ընտրակաշառք) կհիշի, կախված կլինի ՀՀ իշխանությունների ընդունելիք որոշումներից, եւ ոչ թե, ցավոք, բուն ընտրությունների իրական որակից: Ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հայաստանյան այցը, կարելի է հանրագումարել. Վաշինգթոնը մտադիր է մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում ու իր կողմը գրավել տարածաշրջանի երկրներին, այդ թվում' Հայաստանին: ԱՄՆ-ը առաջարկում է ընդլայնել Հայաստանի հետ իր հարաբերությունները' դրանք դուրս բերելով ռազմավարական գործընկերության ուղեծիր: Պաշտոնական Երեւանը նախնապես համաձայնություն է տալիս հարաբերությունների ընդլայնմանը, չհայտարարելով դրա առավելագույն սահմանը, բայցեւ ակնկալելով ոչ միայն ղարաբաղյան ու հայ-թուրքական հարաբերություններում սեփական պահանջների, այլ նաեւ իշխանության վերարտադրության հավակնությունների բավարարում: ԱՄՆ-ը կարծես թե պատրաստ է բավարարել դրանք, այդ թվում' պաշտոնական Երեւանից չպահանջել հավելյալ բանակցություններ Անկարայի հետ, ճնշում գործադրել Անկարայի վրա (իսկ միգուցե դա հենց Վաշինգթոնի նպատա՞կն է, եւ կարիք չկա դրա համար խնդրել), աշխատել հայ-թուրքական սահմանի բացման ու Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չխախտել հավասարակշռությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների միջեւ, չշտապեցնել Հայաստանին' խնդրի արագ կարգավորման հասնելու հարցում, Բաքվին խիստ ուղերձ փոխանցել դիվերսիաներին վերջ տալու համար, չկապակցել ղարաբաղյան խնդրի կարգավորումը հայ-թուրքական գործընթացի հետ: Եւ հայ-թուրքական արձանագրություններից չհրաժարվելու ու տարածաշրջանային այլ հարցերում երկխոսությունը շարունակելու դիմաց Վաշինթոնը պատարստակամություն է հայտնում ընդունել Սերժ Սարգսյանի շարունակական առաջնորդությունը… Թվում է, թե վերը արձանագրվածը Հայաստանի համար որեւէ ռիսկեր չի պարունակում եւ դրանք կարող են միանգամայն համահունչ լինել Հայաստանի ու ԼՂՀ-ի կենսական շահերին (մի կողմ թողնվելով Սերժ Սարգսյանի “վերընտրության” տեսանելի գործարքը): Սակայն խնդիրը այն է, թե որքանո՞վ է պաշտոնական Երեւանը տեսնում տարածաշրջանում գործընթացների տարածաժամանակային ողջ ընդգրկունությունն ու ծավալը, որքա՞ն ճիշտ է ախտորոշում իրավիճակն ու կատարում շահերի ճշգրիտ վերլուծություն: Սխալ ախտորոշում, շահերի սխալ վերլուծություն' եւ միանգամայն հավանական կդառան Հայաստանի ու Արցախի ցյուրիխյան ու մադրիդյան մղձավանջերի շարունակությունը: Կկարողանա՞ պաշտոնական Երեւանը ճիշտ գնահատել ու կառավարել իրավիճակը, այդ դեպքում հնարավորություն կստանա երկու խնդիրներով էլ փոխել գնացքի ռելսերը: Իսկ թե ինչո՞ւ են վերակարեւորվել հայ-թուրքական արձանագրությունները, այն էլ' հիմա, ի՞նչ կապ ունի Հայաստանը Վրաստանի հետ կապված սպասվող ու Իրանի եւ Սիրայի շուրջ հնարավոր զարգացումների, տարածաշրջանային նոր զարգացումների հետ, դրանց կանդրադառնամ առանձին: Վերջին հաշվով ԱՄՆ պետքարտուղարի վերը հիշատակված առաջարկություն-հայտի բավարարումը մեծապես կախված կլինի նաեւ նրանից, թե աշնանը ի՞նչ առաջարկություն է իր հետ Հայաստան բերելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը… Մարտահրավերները շատ են, պատասխանները' քիչ: » Ստյոպա Սաֆարյան http://styopa-safaryan.livejournal.com/8913.html
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment