«Լրագիր» 4-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր այցելելու է Հայաստան: Հայաստանում մի քանի հանդիպումներ ունենալուց հետո, տիկին Քլինթոնը կմեկնի Վրաստան, հետո նաև Ադրբեջան: Տարածաշրջանային այցի հիմնական քննարկման թեմաներն իհարկե պարզ են՝ տնտեսական համագործակցության հեռանկարներ, միջէթնիկ ու միջպետական կոնֆլիկտներ: Սրանք այն հայտարարված ոլորտներն են, որոնք քննարկվում են որպես հերթապահ թեմաներ: Թե ինչ նոր թեմաներ կքննարկվեն Քլինթոնի ու Հարավային Կովկասի նախագահների միջև՝ կմնա պալատական պատերի հետևում: Հայաստանում, իհարկե, Քլինթոնի քննարկման թեմաներին ավելանում են ևս երկուսը՝ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններն ու ՀՀ-ում մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները: Այս համատեքստում, հատկապես առաջինի հետ կապված, Հայաստանի դիրքորոշման հստակեցում ԱՄՆ-ը ամեն դեպքում պնդելու է: Հետաքրքրականը, սակայն, ոչ միայն քաղաքական քննարկումների դասական ձևաչափում քնննարկվող հարցերն են, այլ այն, թե հասարակական քննարկումներում ինչ մտքեր է առաջացնում ԱՄՆ պետքարտուղարի այցը: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հիլարիին տաս կետից բաղկացած պահանջներ է ներկայացրել: Այս փաստաթուղթն իհարկե ավելի շատ արտահայտում է սփյուռքի ու հայդատականության շահերն, ինչը պակաս կարևոր չէ: Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքական շահի տեսանկյունից գրեթե չի խոսում: Բացի չորրորդ ու հինգերորդ կետերից, մնացած բոլոր կետերը կամ վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, կամ Ադրբեջանին խիստ վերաբերելուն, կամ էլ ցեղասպանությանը: Այս առաջնահերթություններն իհարկե քաղաքական մակարդակով հենց ամենասկզբում էլ քննարկվելու են: Խնդիրն այստեղ այլ է. բացի արդեն հիմնական քննարկումներից, հնարավոր կլինի՞ արդյոք Հիլարի Քլինթոնի հետ քննարկել զարգացման հեռանկարներ, որոնք ավելի շատ տեղի կունենան ոչ թե Հայաստան-աշխարհ-ԱՄՆ (միջնորդ) ֆորմատով, այլ հենց ՀՀ-ԱՄՆ ֆորմատով: Խոսքն, ընդ որում, զուտ տնտեսական հարաբերությունների մասին չէ, կամ էլ Հայաստանին ամեն տարի հատկացվող ֆինանսական օգնության: Խոսքը տեխնոլոգիական ու կրթական փոխադարձ համագործակցության մասին է: Հայաստանում այնպես է ստացվել, որ իշխանական էլիտան կամ բարձր զինվորականությունն է, կամ էլ մարդիկ, ովքեր եկել են բարձր զինվորականությունից: Բանակի արդիականացման հարցերը (ՀՀ-ՆԱՏՕ) ու արտաքին անվտանգության և քաղաքականության խնդիրները, որոնք ամեն անգամ քննարկվում ու սեղանին են դրվում ցանկացած դիվանագետի հետ, եթե ոչ վերանայվելու, ապա հավելվելու կարիք ունեն: Ի վերջո, ստացվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական հեռանկարները կառուցվել ու կառուցվում են միայն պատմությունից ժառանգություն մնացած հարցադրումների առանցքով: Այո, Հայաստանը որպես պետություն պատասխանատվություն է կրում թե Լեռնային Ղարաբաղի, թե Մեծ Եղեռնի խնդիրները հօգուտ հայության ու Հայաստանի լուծելու համար: Բայց արդյոք անկախ Հայաստանը, գոնե վերջին տարիներին, ունի որևէ այլ հարց, որը ինքը կարող է ստեղծել, ձևակերպել ու տալ աշխարհին: Աշխարհն արդեն սովորել է Հայաստանից նույն բովանդակությամբ հարցեր լսել: Այդ հարցերին ավելացել է ևս մեկը՝ արդյոք Ամերիկան մեզ կնվիրաբերի իր երազանքներից որևէ մեկը՝ հեղափոխության որևէ մի նախագիծ, թե ոչ: Այս դեպքում մեկ այլ սոցիալական դիսկուրս՝ ընդդիմադիր դիսկուրսը ԱՄՆ-ից ակնկալում է փրկության յուրահատուկ նախագծեր, արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխիքներ և այլն: Այսինքն, աշխարհի ամենահզոր կետի՝ ԱՄՆ-ի հետ մենք շարունակել ենք շփվել կամ հին հարցադրումների, կամ էլ ինչ որ ակնկալիքների մակարդակում: Այս առումով, արդեն իշխանության առաջիկա տարիների խնդիրներից մեկն է դառնում ներքին ռազմավարությունների հիմքով արտաքին քաղաքականություն տանելը: Ընդ որում, կոնկրետ ԱՄՆ դեպքում ամեն ինչ պարզ է. ԱՄՆ-ի «թույլ տեղերն» են կրթական նախագծերը, տեխնոլոգիաներն ու ինտելեկտուալ սպառման «ապրանքները», ու հենց այս չափումով էլ նրանք շատ դեպքերում իրականացնում են իրենց ներքին փոքրիկ քաղաքականությունները: Արդեն այս դեպքում պարզ է դառնում, որ Հայաստանը հարց կունենա տալու իրեն ու աշխարհին, ստիպված կլինի ներգրավվել խոշոր կրթական պրոյեկտների մեջ, ու ինքն էլ ստիպված կլինի կրթական ու ինտելեկտուալ առաջարկ ձևավորել աշխարհի՝ այս դեպքում սպառման հիմնական շուկա ԱՄՆ-ի համար: Այս խնդիրը, այսինքն ներքին ռազմավարությունների՝ կրթություն, մշակույթ, գիտություն, թերագանահատումը ու դրանց ստորադասումն այլ՝ արտաքին, ռազմական առաջնահերթություններին, ինչքան էլ որ որոշակի օբյեկտիվ հիմնավորումներ ունենա, ամեն դեպքում արդեն կարծրատիպային է դարձել: Հայաստանի հաջողությունները գնահատվում են աշխարհի հետ չոր քաղաքական ու ռազմական փոխշփումների մակարդակով: Ըստ այդմ, նաև ներքին քաղաքականությունն է իրականացվում՝ առաջնահերթ ունենալով ուժային կառույցները: Նախագահի ներկայությունն էլ է ազդում նման մոդելի գոյության վրա, վերջինս ուժային մոդելի գործիչ է, և առաջնահերթությունները հենց նույն հիմքերով է կառուցում: Սակայն, նման մոդելն իրեն սպառել է, ու դա շատ լավ հասկանում են նաև իշխանությունում: ԱՄՆ դիվանագետների հերթական այցերը Հայաստան ստիպում են սոցիալական դիսկուրսում հայդատականության ու ամերիկյան սպասվող երազանքերից բացի առաջ բերել նաև այլ թեզեր ՀՀ-ԱՄՆ ուղիղ շփման, նոր այլընտրանքային հեռանկարներ առաջ քաշելու համար: Լեւոն Մարգարյան
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment