Tuesday, June 5, 2012

Իմամ Հոմեյնիի մահվան 23-րդ տարելիցի կապակցությամբ գիտաժողով Երևանում

Panorama.am. 4-6-2012- Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Հոմեյնիի մահվան 23-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երևանում կայացավ «Իմամ Հոմեյնիի գաղափարների ազդեցությունն Իրանում և աշխարհում» խորագրով գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցեցին երկու երկրներից գիտնականներ, փորձագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Իր ողջույնի խոսքում, Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարևորեց Իմամ Հոմեյնիի դերակատարությունը ժամանակակից Իրանի կայացման գործում` ընդգծելով, որ նրա գաղափարախոսությունն է նաև, որ խթանում է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: «Իրանը Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցավ այն տարիներին, երբ մեր երկիրը հայտնվեց շրջափակման մեջ: Թե Իրանի իշխանությունները և թե հասարակ ժողովուրդը բարյացակամ են տեղի հայերի նկատմամբ, և սա մեր հարևան այն երկիրն է, որտեղ հայերի պաշտպանությունն ամրագրված է նույնիսկ օրենքով: Եվ դա նաև Իմամ Հոմեյնիի գաղափարախոսության ներդրումն է», - ասաց նա: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Ռոման Սմբատյանը, իր հերթին, նշեց, որ Իմամ Հոմեյնին, Մերձավոր և Միջին Արևելքի ժամանակակից բացառիկ մտավորականներից է, ով ըմբոստանում էր ընդնդեմ աշխարհի բոլոր չքավորների շահագործմանը, և ըստ նրա գաղափարախոսության, հեղափոխության արդյունքում շահագործվողը պետք է արթնանար: Սմբատյանի խոսքով` իր գաղափարախոսության հիմքում իմամը դնում էր շիական քաղաքական իսլամը, միաժամանակ շեշտում այլ կրոնների և ազգերի հանդեպ հանդուրժողականությունը: «Իմամ Հոմեյնիի գործունեությունը հատկանշական է՝ Իրանի հասարակությունը համախմբվեց իրանական հոգևորականության շուրջ և ստեղծվեց շիական աստվածապետություն: Իմամ Հոմեյնին միավորեց, համադրեց իսլամական արժեքները և ժողովրդավարական արժեքները», - ասաց Սմբատյանը: Նա նաև անդրադարձավ հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին և հեռանկարներին: «Հայ-իրանական հարաբերությունների այսօրվա մակարդակը կարելի է համարել շատ խորքային, և այդ հարաբերությունները գնալով խորանում են տարբեր ոլորտներում», - ասաց դասախոսը: Ըստ բանախոսի` տնտեսական առումով որքան հայ-իրանական հարաբերությունները խորանան, դա բխելու է Իրանի և Հայաստանի շահերից: Հայ իրանական բարձր մակարդակի հարաբերությունների մասին իրենց ելույթներում նշեցին նաև Իրանի Գիտություն և Մշակույթ համալսարանի ռեկտոր և Ջիհադ Ակադեմիայի փոխտնօրեն Մոհամմադ Հոսեյն Իմանին, Ղոմ քաղաքի հոգևոր ճեմարանի ներկայացուցիչ Մոհամմադ Ֆալլահը և այլոք:

No comments: