Saturday, June 2, 2012

Տանիքից չիջնելը Տիգրան Խզմալյանը պատճառաբանում է ավելի մեծ վտանգի կանխմամբ

Tert.am. 1-6-2012- Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Արծրուն Միրզոյանը քննեց ՀՀ ոստիկանությունն ընդդեմ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դատական գործը: ՀՀ Ոստիկանությունը հայցով դիմել է դատարան՝ Տիգրան Խզմալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ վերջինս ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում ոստիկանության օրինական պահանջը չի կատարել: Դատարանում ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը նշեց, որ Տիգրան Խզմալյանը, անտեսելով ոստիկանության զգուշացումները, անցել է մետաղական կոնստրուկցիաները, բարձրացել Մաշտոցի պուրակում տեղակայված տաղավարի տանիք: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները պահանջել են, որ պարոն Խզմալյանը իջնի տանիքից, սակայն վերջինս ոստիկանների պահանջը չի կատարել, և ոստկանությունը ստիպված է եղել ուժով իջեցնել նրան: Ի պատասխան ոստիկանության մեղադրանքներին՝ Տիգրան Խզմալյանը դատարանին տեղեկացրեց, որ չկա որևէ փաստաթուղթ, որը կապացուցի, որ պուրակում տեղադրված կրպակները օրինական են եղել: «Դուք դեռ պետք է ապացուցեք, որ դրանք օրինական էին: Սա դատարան է, և այստեղ կարևոր է նաև այն, թե ինչու և ինչ նպատակով է մարդը գնացել տվյալ քայլին»,-ասաց հայցվորը: Դատարանում այսօր գործի հետ կապված վկայություն տվեցին ոստիկանության երեք աշխատակիցներ: Նրանցից երկուսն այն ոստիկաննրն էին, ովքեր սույն թվականի ապրիլի 15-ին Տիգան Խզմալյանին, ով ներգրավված էր Մաշտոցի պուրակի կրպակները ապամոնտաժելու բրիգադի մեջ, ցած էին իջեցրել կրպակների տանիքից: Տիգրան Խզմալյանը նրանց հարցրեց, թե այդ պահին նրանք ում հրամանն էին կատարում: Երկու ոստիկաններն էլ հարցին պատասխանեցին, որ հրաման չեն կատարել, այլ պարզապես գործել են ինքնակամ: Նույն հարցը պատասխանողը ուղղեց նաև Ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանին: Վերջինս պատասխանեց, որ Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների հրամանները արձակել է ՀՀ Երևան քաղաքի ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը: Դատավարության ընթացքում Տիգրան Խզմալյանը նշեց, որ ինքը մյուսների հետ պաշտպանել է հանրային սեփականությունը, որի դեմ ոտնձգություն էր կատարվել: «Ոստիկանությունը այդ օրերի ընթացքում իր պաշտպանության տակ էր առել ինքնակամ շինությունը: Փակ շուկայի տարածքում այսօր ևս անօրիանականություն է տիրում, ու ոստիկանությունը չմիջամտեց, այնինչ մեր դեպքում մոտ 300 ոստիկանի էր ոտքի հանել»,-ասաց նա և նշեց, որ եթե անգամ ինքը չի կատարել ոստիկանության պահանջը, ապա վարչական պատասխանատվության ենթակա չէ այն մարդը, որը իրավախախտում կատարելով՝ ավելի մեծ վտանգ է կանխել: Գործը քննող դատավոր Արծրուն Միրզոյանը վճիռի կներկայացնի հունիսի 12-ին:

No comments: