Panorama.am. 18-6-2012- Ըստ «Էրմենիհաբեր»(Ermenihaber.am) լրատվական կայքի` անցած շաբաթ Թուրքիայի ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորներն այցելել են «Ագօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած և 22 տարվա բանտարկության դատապարտված Օգյուն Սամասթին: Հանդիպումից հետո թուրք պատգամավորները պատմել են, որ Սամասթն զղջում է իր արածի համար: «Եթե այսօրվա խելքն ունենայի, նման բան չէի անի, զղջում եմ: Դինքի մասին գրքեր կարդալով` հիմա ափսոսանք եմ զգում: Եթե Դինքի կնոջը` Ռաքելին տեսնեմ, կփախչեմ»- ասել է Սամասթը, ով սպանության ժամանակ դեռ 18 տարեկան էլ չկար: Սամասթն իրեն այցելած պատգամավորներին պատմել է նաև սպանության որոշ մանրամասներ: «Սպանություն կատարելուցս 6 ամիս առաջ էի ստացել պատվերը: 5-6 օրվա ընթացքում կազմակերպվեց ամեն ինչ: Նստեցի ավտոբուս և գնացի Յասին Հայալի տված հասցեով: Ինտերնետ-սրճարանում 2-3 ժամ սպասեցի: Սրճարանից 15-20 անգամ զանգեցի նրանց և ասեցի «այստեղ ոստիկաններ կան»: Մինչդեռ իրականում ոչ ոք էլ չկար, ուղղակի ես էի արդեն փոշմանել ու դրա համար սուտ էի խոսում: Սրճարանից դուրս եկա, աստիճաններին նստեցի: Այդ պահին այդտեղով Հրանտ Դինքն անցավ: Դեպքը մի վայրկյանում եղավ: Հենց դիմացս դուրս եկավ, միանգամից կրակեցի»,- պատմել է Սամասթը: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս»-ի խմբագրատան առջև:
Tuesday, June 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment