«Լրագիր» 4-6-2012- Վերջին մոտ մեկուկես ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հայկական զինուժը հերթական կորուստն է ունենում: Ապրիլին, երբ Հայաստանում խորհրդարանի ընտրություն էր, Այգեպար եւ Մովսես գյուղերի միջեւ ընկած հատվածում սպանվեցին երեք հայ զինծառայողներ: Պաշտոնապես հայտարարվեց, որ նրանք դարձել են ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհ:Այդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավն էր իրականացնում հենց Տավուշի եւ Լոռու մարզերում: Սարգսյանը անդրադարձավ այդ միջադեպին եւ հայտարարեց, թե Հայաստանի պատասխանը չի ուշանա, ու նաեւ հայտարարեց, թե որեւէ մեկը թող չկարծի, թե կարող է օգտվել Հայաստանի նախընտրական զբաղվածությունից: Ուշագրավ էր այդ միջադեպին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը: Նրանք հերթական անգամ ընդհանուր դարձվածաբանությամբ դատապարտեցին հրադադարի ռեժիմի խախտումները, եւ հորդորեցին ձեռնպահ մնալ պատասխան քայլերից: Դա արդեն նորույթ էր, ուշագրավ նորույթ, որը դուրս մնաց շատերի ուշադրությունից: Ում էին համանախագահները կոչ անում ձեռնպահ մնալ պատասխանից, եւ ինչու հենց այդ միջադեպի ժամանակ արձանագրվեց այդ նորույթը: Դա վաղ թե ուշ պետք է լինե՞ր, թե եղավ հենց տվյալ միջադեպի միայն համանախագահներին եւ գուցե հակամարտ կողմերի իշխանություններին հայտնի հանգամանքների պատճառով: Ի դեպ, այդ առումով ուշագրավ էր, որ դրանից մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը աննախադեպ տեւականությամբ գնդակոծել էր սահմանի այդ հատվածի Չինարի գյուղը, որտեղ, ի դեպ, տեղի է ունեցել նոր դիվերսիան: Հետաքրքրական է նաեւ, որ Չինարիի տեւական գնդակոծումից հետո համանախագահները չարձագանքեցին դեպքին, թերեւս համարելով, որ եթե զոհեր չկան, ուրեմն կարելի է եւ աչք փակել տեղի ունեցածի վրա: Դրանից օրեր անց եղավ երեք զոհը, հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտնի հայտարարությունը պատասխան չտալու հորդորով: Հիմա հերթական երեք զոհը, մոտ մեկուկես ամիս անց: Հայկական կողմը հայտարարում է, որ պատասխանել է Ադրբեջանին, եւ հակառակորդի դիվերսիոն խումբը ծանր կորուստ կրելով նահանջել է: Լավ է, որ պատասխան գործողություններով Հայաստանը կորուստ է պատճառել հակառակորդին: Ընդհանրապես լավ է, որ հայկական զինուժը անպատասխան չի թողնում այդօրինակ միջադեպերն ու պատասխան գործողությունների շնորհիվ կամ տվյալ պահին, կամ քիչ ավելի ուշ, Ադրբեջանն այդուհանդերձ հատուցում է: Բայց խնդիրն այստեղ մի փոքր այլ է: Ի վերջո, պետք է իհարկե աղմկել, պետք է իհարկե դիվանագիտական հարթության վրա ծավալել բավական աշխույժ գործունեություն, նամակներ ու հայտարարություններ պատրաստել: Միեւնույն ժամանակ պետք է դատապարտել Ադրբեջանի գործողությունները: Այստեղ թերեւս քննարկելու խնդիր չկա: Բայց, կա մի հարց: Իսկ պե՞տք է արդյոք քննարկել հայկական կողմում առկա իրավիճակը: Պե՞տք է արդյոք քննարկել, թե ինչ է հնարավոր անել հայկական կողմում պաշտպանվածությունն ու զինծառայողների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ: Իսկ պե՞տք է արդյոք հարց տալ, թե ինչու է Հայաստանի զինուժը սահմանի գրեթե միեւնույն հատվածում երկրորդ անգամ տալիս 3 զոհ: Չէ որ ադրբեջանական դիվերսիաների “պատմությունը” պետք է ստիպի լինել առավել ուշադիր, առավել զգոն, առավել կարգապահ: Պե՞տք է արդյոք քննարկել, թե ինչ վիճակում են այդ հանգամանքները: Պե՞տք է պարզել, թե արդյոք հայկական կողմում զոհերի առկայությունը որոշակի թերացումների եւ բացթողումների հետեւանք էր, եւ հնարավոր կլիներ խուսափել զոհերից, եթե չլինեին այդ բացթողումները: Հասկանալի է, որ այդ հարցերի որոշ մասը չի կարող հրապարակային, հանրային քննարկման նյութ լինել: Բայց, արդյոք զինուժի բարձրաստիճան ղեկավարությունում այդ քննարկումները կան: Արդյոք կա այդ առումով անաչառ քննություն, թե օգտվելով որոշ հարցերում հանրայնացման աննպատակահարմարությունից, տեղի է ունենում ծածկադմփոց, ինչի հետեւանքով էլ ասենք սահմանային միեւնույն հատվածում կարող են լինել շատ մոտ, կրկնվող երկու ողբերգական միջադեպեր: Այստեղ միայն Ադրբեջանին մեղադրելն ու միջազգային աղմուկ հանելը հավասարազոր է ոչինչ չանելուն, եթե հանգամանալից եւ մանրամասն չի քննարկվում իրավիճակը մեր կողմում եւ չեն լինում իրավիճակի կառավարելիությունն անհրաժեշտ մակարդակից ցածր գտնվելու համար պատասխանատուներ: Իսկ եթե միեւնույն հատվածում տեղի են ունենում միմյանց հաջորդող երկու դիվերսիոն հարձակումներ, ապա այստեղ թերեւս կան խնդիրներ, որոնք պետք է հիմնովին լուծվեն, եւ թերեւս պետք է դրանց լուծումը արտահայտվի նաեւ կադրային որոշակի քայլերով: Ի վերջո, Ադրբեջանին հատուցելը իհարկե շատ լավ է, բայց մենք ունենք ամեն մի զինվորի կյանքի վրա դողալու խնդիրը: Բացի այդ, այստեղ զուտ քանակական հարաբերության խնդիր չէ: Նաեւ հոգեբանության հարց է: Երբ զինվորը զգում է, որ բանակային ղեկավարության համար, զինուժի հրամանատարության համար մարդը, զինվորը ոչ թե գործիք է, այլ ինքնին արժեք, եւ ոչ թե արժեք է որպես գործիք, այլ արժեք է որպես մարդ, ապա այդ զինվորը բոլորովին այլ հոգեբանությամբ է մոտենում իր մարտական առաքելությանը եւ անգամ մարտական կենցաղին: Զինվորին որպես արժեք դիտելը զուտ բարոյախրատական հարց չէ: Այստեղ խնդիրն այն է, որ զինվորը այլոց պաշտպանող մարդ է, եւ այդ մարդը այլոց պաշտպանելու հարցում կարող է առավել արդյունավետ գործել միմիայն սեփական պաշտպանվածության առավելագույն մակարդակի պայմաններում: Այսինքն, կյանքը զոհելու փիլիսոփայությունից թերեւս հարկ է որոշակիորեն վեր կանգնել եւ այսպես ասած արդիականացնել այդ փիլիսոփայությունը եւ առաջնորդվել նրանով, որ զինվորը պետք է իր կյանքը ապահովի, որ կարողանա նաեւ ապահովել իր թիկունքում գտնվողների կյանքը: Երբ զինվորը տեսնում է, որ ինքը դիտվում է ընդամենը որպես գործիք, ոչ թե որպես արժեք, որը պետք է այլ մարդկանց պաշտպանի նախ եւ առաջ իր իսկ պաշտպանվածության ապահովման միջոցով, նրա մոտ թերեւս էականորեն նվազում է ինքնահարգանքի աստիճանը, ինչն էլ ինքնաբերաբար ազդում է թե ծառայակիցների, թե հրամկազմի, թե ընդհանրապես իր պաշտպանությանը վստահված պետության ու հասարակության հանդեպ հարգանքի վրա: Սրանք թերեւս միգուցե բավական խորքային խնդիրներ են, որոնք առաջին հայացքից կարող են քիչ ուղղակի կապ ունենալ դիվերսիոն միջադեպի եւ ողբերգության հետ, դրա պատճառների կամ մոտիվի հետ: Բայց, թերեւս անվիճելի է, որ մեր գլխավոր անելիքը մեր իսկ ձեռքում է, զինուժի որակական, հոգեբանական եւ տեխնոլոգիական կատարելագործման հարթությունում, երբ սահմանային վտանգավոր հատվածներում զինծառայողները կունենան աննախադեպ տեխնոլոգիական հագեցածություն, հակառակորդի դիվերսիաներին առավել արդյունավետ եւ անկորուստ արձագանքելու համար: Դա ռազմավարական խնդիր է, որի լուծումը թերեւս կածխված է հենց այն բանից, թե որքանով է զինվորը արժեք որպես մարդկային թանկ ռեսուրս, եւ որքանով է պետությունը ստանձնում այդ արժեքի պաշտպանության պատասխանատվությունը: Ադրբեջանը պետք է դատապարտվի, ու պետք է պատասխան տա, եւ փառք բոլոր նրանց, ովքեր այդ պատասխանը Ադրբեջանին պարտադրում են եւ կպարտադրեն թե դիվանագիտական, թե ռազմական հարթության վրա: Բայց կան թերեւս պատասխաններ, որ մենք ինքներս պետք է տանք մեզ, անաղմուկ, բայց անհետաձգելի պատասխաններ, որովհետեւ մենք պետք է չսպասենք, որ Ադրբեջանի ձեռքը կարող են բռնել: Եթե հարկ է, մենք պետք է արմատապես վերանայենք պաշտպանության կառուցման մեր մոտեցումները բոլոր առումներով: Ամենակարեւորը, գոնե այդ հարցում՝ զինվորին որպես մարդ արժեք հռչակելու եւ այդ արժեքի պաշտպանությանը հնարավորինս անմնացորդ նվիրվելու հարցում չխաբենք որեւէ մեկին, լինենք բացառապես ազնիվ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment