Tuesday, June 5, 2012

Յուկիա Ամանոն հույս է հայտնել, որ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնություն ձեռք կբերվի

Panorama.am- 4-6-2012- «Հուսով եմ, որ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև միջուկային ծրագրի առնչությամբ համաձայնություն ձեռք կբերվի»: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն: ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ հունիսի 8-ին Վիեննայում միջուկային ծրագրի առնչությամբ կսկսվի բանակցությունների նոր փուլը: Ամանոն ընդգծել է, որ բանակցությունների հիմնական նպատակը լինելու է միջուկային հաստատություններում ստուգումներ անցկացնելու հարցում Թեհրանի հետ համաձայնություն ձեռք բերելը: «Ես Իրանի կոչ եմ որքան հնարավոր է շուտ ստորագրել այդ համաձայնագիրը, որի իրագործումը հնարավորություն կնձեռի Փարչինում ստուգումներ անցկացնել»,-նշել է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն: Հիշեցնենք, որ մայիսի 23-25-ը միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի է ունեցել Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև բանակցություների երկրորդ փուլը, իսկ մինչ այդ՝ ապրիլի 14-ին, Ստամբուլում կայացել էր Իրանի և «5+1 խմբի» հանդիպման առաջին փուլը: Բաղդադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:

No comments: