Tuesday, June 5, 2012

ՀԱՊԿ-ի քննությունը՝ հայ զինվորների սպանության պահին

1in.am. 5-6-2012- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները պատրաստվում են «յուղել» արագ արձագանքման զորամիավորումները, որոնք նախատեսվում են օգտագործել ՀԱՊԿ անդամ երկրներում հասարակական կարգուկանոնի պահպանման կամ հաստատման, այլ կերպ ասած՝ առանց դիվանագիտական լեքսիկոնի, իշխանափոխության դրսևորումները կամ գունավոր հեղափոխությունները կանխելու համար: Այդ ընթացքում հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն փորձն են արել Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ: Իսկ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այն կառույցն է, որը պետք է իր անդամների կողքին լինի այդօրինակ ագրեսիաների դեպքում, քանի որ դիվերսիոն գործողությունն էլ յուրօրինակ ագրեսիա է, հատկապես, երբ դրան զոհ են դառնում ՀԱՊԿ անդամ պետության քաղաքացիները: Բայց հավաքական անվտանգության կազմակերպությունն այդ փորձերին չի արձագանքում, չկա որևէ դատապարտող կամ Հայաստանին աջակցող պաշտոնական հայտարարություն: Այս ամենն իրապես վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը բացարձակապես կապ չունի Հայաստանի անվտանգության հետ և իրականում ընդամենը Ռուսաստանի ձեռքին մի գործիք է, որով այդ երկիրը ցանկանում է վերահսկողության տակ պահել հետխորհրդային հանրապետությունները, այդ թվում և Հայաստանը: Այսինքն՝ ներկայումս Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հերթական հանդուգն և սանձարձակ դիվերսիոն փորձն ու ՀԱՊԿ լռությունը վկայում են, որ այդ կառույցը իրականում բացարձակապես հետաքրքրված չէ ո՛չ տարածաշրջանային կայունությամբ և խաղաղությամբ, ո՛չ էլ Հայաստանի անվտանգությամբ: Նրան մտահոգողը միայն Հայաստանում և ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկրում իշխանափոխության ցանկացած տարբերակ կանխելն է, այդ գործում տվյալ երկրների ամբողջատիրական իշխանական համակարգերին ուժային աջակցություն ցուցաբերելը: Եվ դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ը ներկայումս խիստ զբաղված է արագ արձագանքման ուժերի պատրաստությամբ, իսկ ահա անվտանգության ռեալ սպառնալիքները ՀԱՊԿ ուշադրությունը չեն գրավում: Այդ ամենը հուշում է, որ իրականում չափազանցված են պատկերացումներն այն մասին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգության հուսալի երաշխիք է: Չի կարող հուսալի երաշխիք լինել մի կառույց, որում գերակայում է ոչ թե իրապես կոլեկտիվ շահը, այլ ընդամենը մեկ պետության քաղաքական կոնյունկտուրան:

No comments: