Monday, June 4, 2012

Քլինթոնի «արյունոտ» այցը

1in.am. 4-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցից առաջ հայ- ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հերթական դիվերսիան, որին զոհ է գնացել երեք հայ զինծառայող: Ինչո՞ւ է այդ սադրանքը տեղի ունենում Հիլարի Քլինթոնի այցից անմիջապես առաջ: Քաղաքականության մեջ, ասում են, պատահականություն չի լինում: Իսկ որ հայ-ադրբեջանական սահմանին թերևս ոչինչ չի լինում առանց քաղաքականության, կամ ոչ մի պատահար չի մնում առանց քաղաքական ազդեցության՝ թերևս անկասկած է: Եվ այստեղ համընդհանուր դիտարկման կենտրոնում է հայտնվել համեմատությունը նախորդ տարի Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիոն միջադեպի հետ, որի ընթացքում սպանվեց 4 հայ զինծառայող: Չայլուի միջադեպը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հերթական հանդիպումից անմիջապես հետո, երբ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ հանդիպումը բավական դժգոհ տրամադրությամբ լքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ով և ինչ դժգոհություն ունի այս անգամ, որ հերթական քաղաքական նշանակալից իրադարձությունից առաջ տեղի է ունենում հերթական աղմկոտ սադրանքը և դիվերսիան: Ի՞նչ խնդիրներ է հետապնդում Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը՝ ընդհանրապես կամ հայաստանյան այցը՝ մասնավորապես: Ո՞ւմ էր անհրաժեշտ «արյունոտել» ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային կամ հայաստանյան այցը: Այս հարցերի պատասխաններն, իհարկե, առավել դյուրին կլիներ գտնել՝ իմանալով այն իրական հարցերը, որ քննարկվելու են Հայաստանում և տարածաշրջանում Քլինթոնի այցի ընթացքում: Բայց հարցերը կան, և դրանք անկասկած սպասում են որևէ պատասխանի, և դրանց անպատասխան մնալը կարող է պարբերաբար դառնալ հայ զինծառայողների մահվան պատճառ: Հարցերին պետք է պատասխանեն բոլորը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Ի վերջո, քաղաքականությունից անդին և դրանից առաջ ու վեր մարդկային կյանքերն են, ու ամեն անգամ, երբ Ադրբեջանի նման սադրանքներից հետո Մինսկի խումբը հանդես է գալիս հրադադարը չխախտելու վերաբերյալ ընդհանուր հայտարարություններով, փաստորեն պարզապես անարգում է հայ զոհերի հիշատակը, որովհետև նրանք կոնկրետ սադրանքի, կոնկրետ ոտնձգության, հրադադարի ռեժիմի կոնկրետ խախտման զոհեր են, հետևաբար բոլորը, այդ թվում, առաջին հերթին, միջնորդ գերտերությունները, պարտավոր են հարգել այդ զոհերի հիշատակը և ի վերջո իրերը կոչել իրենց անուններով՝ հետագա զոհերը բացառելու համար:

No comments: