Monday, June 4, 2012

Ով, կամ ինչն է սպանում մեր զինվորներին

«Լրագիր» 4-6-2012- Այսօր հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին. Տավուշում ադրբեջանական դիվերսիոն խումբն անցել է սահմանը եւ սպանել երեք հայ զինվորի: Հատկանշական է, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկասի երկրներ այցի օրը: Հատկանշական է, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանը հաճախ է դիմում նման արյունալի դիվերսիաների Հայաստան բարձրաստիճան հյուրերի այցի նախօրեին, կամ երբ Հայաստանի ղեկավարները կարեւոր այցով մեկնում են արտերկիր: Մանավանդ, երբ այդ այցերի ընթացքում խոսք է լինում Ղարաբաղի խնդրի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի աշխարհքաղաքական ապագայի մասին: Նման միջադեպերը հաճախացել են հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը փորձում է իր ձեռքը վերցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանքային դերակատարությունը: Ռուսական միջնորդությամբ եռակողմ` թե նախագահների, թե արտգործնախարարների մակարդակով հայ-ռուս-ադրբեջանական հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը «կանոնավոր» սպանում էր հայ զինվորներին շփման գծում: Օրինակ, 2010 թ. մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարները սպանել էին հայ զինվորի: Սպանել էին նաեւ հանդիպումից հետո: Նույնը` նաեւ Սանկտ Պետերբուրգում 2010 թ. հունիսի 17-ի եռակողմ հանդիպումից հետո: Իսկ ԱԳ նախարարների 2011 թ. մարտի մոսկովյան եռակողմ հանդիպման նախօրեին ադրբեջանցիները երկու օրում երեք հայ զինվոր են սպանում: Պետք է նշել, որ ռուսական նախաձեռնությունը ենթադրում է ոչ այլ ինչ, քան Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին: Հայաստանը, բնականաբար, չէր կարող համաձայնվել ռուսական ծրագրերին: Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը ձգտում է «դիվերսիֆիկացնել» Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչը Մոսկվային չի կարող դուր գալ: Այս միտումները հատկապես ուժեղացել են ներկայում, երբ Արեւմուտքի օգնությամբ տապալելով Ռուսաստանի «կարգավորման» ծրագրերը, Հայաստանի իշխանությունը հայտարարել է Արեւմուտքին ինտեգրվելու մասին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր կարող «կրակի հետ խաղալ» հենց այնպես, չունենալով որեւէ արտաքին «հովանավորություն»: Դատելով ռուս-ադրբեջանական վերջին տարիների սերտ ռազմա-քաղաքական ու էներգետիկ համագործակցությունից, կարելի է ենթադրել, թե ինչ «ծագում» ունեն ադրբեջանական դիվերսիաները: Մի կողմից, դրանք ճնշում են Հայաստանի իշխանության վրա, մյուս կողմից, Մոսկվան ցանկանում է նվեր մատուցել Թուրքիային ու Ադրբեջանին՝ վերջին տարիներին վարելով նրանց դուր գալու նվաստացուցիչ քաղաքականություն: Դիվերսիան, նույնիսկ այս պարագայում, Հայաստանի իշխանության համար իհարկե արդարացում չէ: Նման դիվերսիաների հաջողությունը վկայում է բանակում առկա խոշոր թերացումների մասին, որոնք հնարավոր են դարձնում հայ զինվորների սպանությունները: Մյուս կողմից, արդարացում չեն պատասխան գործողությունները, երբ հայկական ուժերը պատասխան համարժեք հարված են հասցնում ադրբեջանական կողմին: Այդ պատասխանը գոհացուցիչ չէ, նկատի առնելով թե այն, որ Ադրբեջանը չի դադարեցնում դիվերսիաները, թե նաեւ այն, որ Ադրբեջանի համար իր զինվորների կյանքը արժեք չունի: Պատասխանը պետք է լինի էական՝ ասենք, տվյալ դիվերսիայի ուղղությամբ ադրբեջանական որեւէ խոշոր բնակավայրի ոչնչացումը եւ անվտանգության օղակի ընդլայնումը: Ամեն մի դեպքի համար: Մեզ պատերազմող բանակ է պետք, ոչ թե ինքնապաշտպանվող, մենք այդքան ռեսուրս չունենք: Այդ պարագայում միայն Ադրբեջանը ստիպված կլինի դադարեցնել հարձակումները, եւ դիմել իր «հովանավորին»: Իսկ «հովանավորը» դժվար թե իր վրա վերցնի դիվերսիաների համար պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնին նման կերպ «դիմավորելուն», ապա Ադրբեջանը դրա համար թերեւս ծանրակշիռ պատճառներ ուներ. Արեւմուտքի եւ մասնավորապես ԱՄՆ վերջին տարիների քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է եղել Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունները զսպելուն: Տապալվել է ոչ միայն Ղարաբաղի «կարգավորման» ռուս-թուրք-ադրբեջանական ծրագիրը, այլեւ նման ծրագրի հեռանկարն ինքնին: Պետք է նշել նաեւ, որ տվյալ հավակնությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում ոչ միայն ԱՄՆ եւ Իրանի, այլեւ նույնիսկ արդեն Թուրքիայի ծրագրերում: Բանն այն է, որ Ադրբեջանը չի բավարարվում Արեւմուտքի լոգգիստական ծրագրերում իրեն հատկացված դերով, եւ պահանջում է ավելին: Չի բացառվում, որ Ադրբեջանին կարող են պատժել, պատերազմը վերսկսելու մասով նրա քայլերի ու հռետորաբանության համար: Իսկ դա հնարավոր է Հայաստանի օգնությամբ, որը լիովին շահագրգռված է կանխարգելիչ ռազմական գործողություններով, եւ սպասում է հարմար ժամանակի, որպեսզի Ադրբեջանին զգալի հարվածներ հասցնի:

No comments: