Tuesday, June 19, 2012

Համանախագահ երկրների ղեկավարները ցավում են, որ Ալիևն ու Սարգսյանը վճռական քայլեր չեն ձեռնարկել

Tert.am. 19-6-2012- Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումները: Մեքսիկայի Լոս Կաբոսում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և նշել, որ իրենք միասնական են` ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, ինչը մենք կոչ էինք արել 2011 մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ: Նրանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը, ինչը տեղ էր գտել 2012 թ-ին հունվարի 23-ին Սոչիի հայտարարության մեջ: Բացի այդ, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նրանք նշել են, որ պետք է հավատարիմ մնալ 1994 թ-ին հաստատված հրադադարի համաձայնագրին և զերծ մնալ ռազմական հռետորիկայից: «Մենք ղեկավարներին կոչ ենք անում առաջնորդվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես` ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքներով, ինչպես նաև կարգավորման այն տարրերով, որոնք նշված են 2009 թ.-ին Ակվիլայի և 2010 թ-ի Մուսկոկայի հայտարարություններում: Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության լուծմանը, այլ միայն կերկարացնի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքը: Միայն խաղաղ բանակցային ճանապարհով է հնարավոր գտնել ելքը` այս բարդ իրավիճակից և նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

No comments: