Tuesday, June 19, 2012

ԱՄՆ-ի Սենատը շարունակում է քննարկել Ադրբեջանի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության հարցը

News.am. 19-6-2012- ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հունիսի 19-ին կշարունակի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկումը: Ջոն Քերրիի նախագահությամբ անցկացվելիք նիստում կքննարկվեն տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանի պաշտոնի 12 թեկնածուներ: Սպասվում է նաեւ, որ կանցկացվի քվեարկություն այդ կապակցությամբ: Հիշեցնենք, Մորնինգսթարի թեկնածությունը քննարկվել էր ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում: Մորնինգսթարը նշել էր, որ իր թեկնածության հաստատման դեպքում մտադիր է անձամբ զբաղվել Ադրբեջանի տարածքում հայկական տապանաքարերի ոչնչացման հարցով: Նա նաեւ նշել էր, որ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է էներգակիրների տարանցման լիիրավ մասնակից դառնալ, եթե «ղարաբաղյան հակամարտությունը երբեւէ կարգավորվի»: Մորնինգսթարը խոստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցանկացած հանդիպման ժամանակ վերջինիս խորհուրդ տալ զերծ մնալ անարդյունավետ ցանկացած հայտարարությունից: Հիշեցնենք, Բարաք Օբաման ապրիլի վերջին ԱՄՆ-ի պետքարտուղարության Էներգետիկայի եւ Եվրասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն էր առաջադրել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում` 2012թ. հունվարին Մեթյու Բրայզայի պաշտոնը լքելուց հետո: Թեեւ Բայզան, նախագահի հրամանով նշանակվել էր դեսպան, նրա թեկնածությունը, հայկական լոբբիի ջանքերով, չէր հաստատվել Կոնգրեսում:

No comments: