News.am. 5-6-2012- Թուրքիայի եւ Վրաստանի վարչապետներ Ռեջեփ Թասյիփ Էրդողանը եւ Նիկա Գիլաուրին Ստամբուլում քննարկել են ռազմավարական համատեղ նախագծեր: Հանդիպումը կայացել է Ստամբուլում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Քննարկվել է Բաթում-Կարս-Ախալքալաք երկաթուղու եւ Բորչխա-Ախալցխա ԷՀԳ-ի կառուցման նախագիծը: Հանդիպման արդյունքները լրագրողներին պատմել է Վրաստանի վարչապետը: «Սրանք տարածաշրջանային շատ կարեւոր նախագծեր են: Երկաթուղու շինարարությունը, Ադրբեջանի աջակցությամբ, լավ տեմպերով է ընթանում, եւ շատ շուտով ճանապարհի վրացական հատվածը կկառուցվի եւ կստացվի Ասիայի ու Եվրոպայի միջեւ ամենամոտ ճանապարհը», - ասել է նա: Գիլաուրին ընդգծել է, որ Վրաստանը նաեւ մեծ նշանակություն է տալիս Բորչխա-Ախալցխա ԷՀԳ-ի կառուցմանը, որով էլեկտրաէներգիա կմատակարարվի Թուրքիա, այնտեղից էլ` Եվրոպա: «Մենք մտադիր ենք կտրուկ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ Թուրքիայի տարածքով մաքուր էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա: Այս տարի մենք սկսել ենք 15 ՀԷԿ-երի շինարարությունը, իսկ մինչեւ 2015թ. Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրկնակի կաճի», - ասել է նա: Հունիսի 4-ին Ստամբուլում մեկնարկել է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրասիայի հարցերով համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 1000 գործարարներ, 70 երկրների քաղաքական գործիչներ: Մասնավորապես, համաժողովին մասնակցում են Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը եւ իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին: Ստամբուլում Համաշխարհային տնտեսական համաժողովը կտեւի երեք օր եւ կավարտվի հունիսի 6-ին:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment