Monday, June 18, 2012

ԲՀԿ «երկու մոդելը»

«Լրագիր» 18-6-2012- Կհասնի արդյոք Վարդան Օսկանյանի «գործը» նրան պատգամավորական անձեռնմխելությունից զրկելուն: Համենայնդեպս, այդ մասին արդեն սկսել են խոսել: Առաջինը հենց Օսկանյանն էր, որ Կենտրոն հեռուստաալիքի Ուրվագիծ ծրագրի եթերում խոսել է դրա հնարավորության մասին, իսկ վարողից էլ ստացել «պերեդաչի» տանելու խոստում: Հետո այդ հնարավորության մասին հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ասել էր, որ եթե խորհրդարանը քվեարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ապա ինքը կքվեարկի կողմ՝ Օսկանյանի հին «մեղքերի» համար: Փողերի լվացման քրեական գործում խոսքը մեծ թվերի մասին է, և ինչպես ասում են իրավաբանները, պատիժը կարող է լինել մինչև 10 տարի ազատազրկումը: Վարդան Օսկանյանը և Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը, ինչպես հայտնի է, հրաժարվում են ցուցմունք տալ, և դա կարող է առիթ դառնալ իրավապահների համար՝ խորհրդարան մտնել Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու հարցով, նրա հետ «քննչական միջոցառումներ» անցկացնելու համար: Արդյոք նման զարգացումը կդառնա միջազգային նշանակության սկանդալ: Եւ արդյոք Սիվիլիթասի հանդեպ քրեական գործի հարուցումը դարձել է քաղաքական սկանդալ: Ըստ երևույթին՝ ոչ: Չնայած Օսկանյանը քրեական գործը գնահատել է որպես քաղաքական պատվեր, եվրոպական երկրների դեսպանները այցելել են Սիվիլիթաս, իսկ ԱՄՆ դեսպանը ասել է, որ մտահոգված է գործի հարուցման «ժամանակով», դա չի դարձել քաղաքական սկանդալ: Ավելին, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ոչ թե քաղաքական հետապնդման մասին, այլ ասել է, որ Հայաստան է հրավիրելու միջազգային կարգի իրավաբանների և փաստաբանների: Այսինքն, Ծառուկյանը պատրաստվում է ոչ թե քաղաքական դիմակայության, այլ իրավական գործընթացի: Իսկ այն ենթադրում է զանազան քննչական գործողություններ, այնպես որ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը չի բացառվում: Օսկանյանի «գործի» վերաբերյալ հասարակական կարծիքը միանշանակ չէ: Իհարկե, այն հնարավոր չէ «չափել». Հայաստանում սոցիոլոգիական ինստիտուտները չեն աշխատում, բայց դատելով մամուլի հրապարակումներից, Օսկանյանին աջակցում են բավական շատ մարդիկ, հաշվի առնելով, որ նրան փողերի լվացման մեջ մեղադրելը հարված է նոր քաղաքական մշակույթին: Շատերը կարծում են, որ այդ մշակույթը չի գոյատեւի այդպիսի հարվածից հետո: Օսկանյանը Հայաստանում փորձում էր ստեղծել հասարակական-քաղաքական ժամանակակից կառույց, սկսած բանավեճերի կազմակերպումից մինչև ինտերնետ-հեռուստատեսության ստեղծումը, որն արդեն բավական հեղինակություն ունի: Եվ եթե մի կողմ թողնենք այն տեսակետը, ըստ որի այս ամենն արվել էր Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ կամ կապված է ԱՄՆ ներքին քաղաքական զարգացումների հետ, ապա պետք է ընդունել, որ Օսկանյանին հաջողվել է Հայաստանում ստեղծել իսկական «հասարակական-քաղաքական հոլդինգ»: Հնարավոր է, չարժեր այդքան արագ քաղաքականացնել նախապես հանրային հոլդինգը: Այնուամենայնիվ, Սիվիլիթասը դարձավ մի մոդել, որի միջոցով պետք է ապահովվեր հասարակական գիտակցված աջակցություն քաղաքական թեկնածուին: Սա այն է, ինչ բացակայում է հայկական ընտրություններում, որտեղ հասարակական աջակցությունը չի համարվում որոշիչ: Թերեւս, հենց սա է դարձել պատճառը, որ քրեական գործը հարուցվել է Սիվիլիթասի, այլ ոչ թե Բարգավաճ Հայաստանի նկատմամբ, որի հասարակական աջակցություն ստանալու «բարեգործական» մոդելը վտանգավոր չէ իշխանության համար: Այս իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի մոդելների պայքարում հաղթի ոչ թե Ծառուկյանի «բարեգործությունը», այլ Օսկանյանի «հասարակական աջակցությունը»: Չնայած երկու դեպքում էլ ԲՀԿ փիլիսոփայության պարտությունն անխուսափելի է թվում: Նաիրա Հայրումյան

No comments: