Saturday, June 2, 2012

Քլինթոնը Երևանում հնարավոր է անդրադառնա նաև «Հազարամյակի մարտահրավերներ»–ին

Tert.am. 2-6-2012- Հունիսի 4-ին Հայաստան կատարելիք այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հնարավոր է, ի թիվս այլ հարցերի, քննարկի նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ավարտին կամ վերսկսմանն առնչվող հարցեր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Հարցին, թե արդյո՞ք Հիլարի Քլինթոնը կանդրադառնա ԼՂՀ կարգավորման հարցին, նա պատասխանեց. «Հնարավոր է նաև, որ խոսի, բայց ԱՄՆ-ն շատ լավ հասկացել է, որ այս տարածաշրջանում առանց Ռուսաստանի ԱՄՆ-ն ոչ մի բան անել չի կարողանա»: Քաղաքագետը նաև նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջանային չէ։ «Նա իր շրջագայությունը սկսել է սկանդինավյան երկրներից: Տարածաշրջանի այցից հետո էլ կգնա երևի Լատինական Ամերիկա և այլն»,– ասաց նա: «Այցի նպատակն է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ տարբեր երկրներում ներկայացնել, որ ԱՄՆ-ն քաղաքականության նպատակները դնում է սա-սա-սա, որ ԱՄՆ-ում ոչինչ չի փոխվի, եթե անգամ Օբաման ճանապարհը զիջի «Հանրապետական» կուսակցությանը»,- բացատրեց Սերգեյ Շաքարյանցը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ե Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում Քլինթոնը հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան պաշտոնյաների այլ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

No comments: