Monday, June 18, 2012

Հունաստանում հաղթած կուսակցությունը խոստանում է երկիրը պահել եվրոգոտում

Tert.am. 18-6-2012- Հունաստանի` երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթած «Նոր ժողովրդավարություն» աջ-կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը հայտարարել է, թե հույները քվեարկել են եվրագոտում մնալու օգտին, հյատնում է BBC-ն: Սամարասը կոչ է արել հնարավորինս արագ «ազգային փրկության կառավարություն» ձևավորել: Նրան արդեն շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հույս է հայտնել, որ հիմա Հունաստանը կշարունակի բարեփոխումները և կկատարի Եվրամիության առաջ ստանձնած պարտավորությունները: Սամարասն իր հերթին խոստացել է, որ «Հունաստանը կկատարի իր պարտավորությունները», իսկ «զոհողությունները, որոնց գնում է հույն ժողովուրդը կօգնեն երկրին բարգավաճում վերադարձնել»: Ուշագրավ է Սամարասի հայտարարությունը այս համատեքստում. «Այլևս ոչ մի արկածախնդրություն չի լինի. Եվրոպայում Հունաստանի տեղն այլևս կասկածի չի ենթարկվի»: Սամարասի գլխավոր հակառակորդ ձախ արմատական «ՍԻՐԻԶԱ» կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը համաձայնել է, որ Սամարասին առաջինը պետք է կառավարական կոալիցիա ձևավորելու հնարավորություն տրվի: Հունաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քվեարթերթիկների 80%-ի մշակումից հետո պարզ է դարձել, որ «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ձայների 29,9%-ը (130 տեղ խորհրդարանում), «ՍԻՐԻԶԱ» կոալիցիան՝ 26,7%-ը (71 տեղ). իսկ ահա տասնամյակներ շարունակ Հունաստանի քաղաքական դաշտում ամենաազդեցիկ ուժը եղած Պասոկ սոցիալիստական կուսակցությունը` ձայների միայն 12, 4 տոկոսը (33 տեղ): Եթե այս արդյունքները վերջնահաշվարկի համաձայն էապես չփոփոխվեն, ապա «Նոր ժողովրդավարությունը» կարող է իշխող կոալիցիա ձևավորել «Պասոկ»-ի հետ, քանի որ, ըստ գոյություն ունեցող կանոնների, ձայների մեծամասնությունը ստացած կուսակցությունը 50 լրացուցիչ տեղ է ստանում խորհրդարանում: Հունաստանի Խորհրդարանում կա ընդհանուր 300 տեղ: Սրանք վերջին 6 շաբաթվա ընթացքում 2-րդ ընտրություններն էին: Նախորդն ավարտվել էր առանց կառավարության ձևավորման: Աշխարհի շատ երկրների առաջնորդներ մտավախություն էին հայտնել, որ եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր ելքը ցնցումային կլինի համաշխարհային տնտեսության համար: «Նոր ժողովրդավարությունը» և «ՊԱՍՈԿ»-ն ընդհանուր առմամբ ընդունում են պարտավորությունները, սակայն կարծում են, որ դրանք որոշ փոփոխություններ են պահանջում: Եվրոմիության առաջարկած` տնտեսման կոշտ միջոցները շրջանակներում Հունաստանին միջազգային օգնության 2 փաթեթ էր հատկացվել. 2010-ին երկրին տրամադրվել էր 110 մլրդ, իսկ 2011-ին 130 մլրդ եվրոյի վարկ:

No comments: