Tuesday, June 5, 2012

Քլինթոնի համար առաջնային են ոչ թե տարածաշրջանային խնդիրները, այլ՝ շահերը. քաղաքագետ

Tert.am. 5-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար առաջնային նշանակություն ունեն ոչ թե տարածաշրջանային խնդիրները, այլ՝ տարածաշրջանային շահերը, նման եզրահանգման է եկել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի երեկ Հայաստան կատարած այցելությունից հետո: Այսօր կայացած մամլո ասուլիսում, ներկայացնելով իր դիտարկումները, քաղաքագետն ասաց.«Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է հասկանալ, թե ի՞նչ անակնկալներ կարելի է սպասել տարածաշրջանից՝ նախագահական ընտրություններից առաջ»: Քաղաքագետն ասաց, թե այն, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս անդրադարձել է ԼՂ կարգավորման խնդրին, դիրքորոշում հայտնել սահմանում կատարված միջադեպի մասին, նաև ասել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ, սա նշանակում է, որ ՀՀ ղեկավարություն-ԱՄՆ պետքարտուղար քննարկման հիմնական առանցքը եղել է ԼՂ կարգավորման հարցը, մյուսը՝ հայ-թուրքական հարաբերությունները: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից երեկ իրականացրած սադրանքները նվիրված էին Քլինթոնի տարածաշրջան կատարած այցին: Ադրբեջանն ուզում է ասել, որ հակամարտությունը սառեցված չէ: Իրենք փորձում են սրել իրավիճակը և փոխել իրադրությունը»,- նկատեց քաղաքագետը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև անդրադարձավ Քլինթոնի այն հայտարարությանը, թե պետք է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեն Արձանագրություններ՝ առանց նախապայմանների: «Վերջին շրջանում Թուրքիան ակտիվացել է և հաճախ պաշտոնական Վաշինգտոնի հետ (Թուրքիայի) հայացքները չեն համընկնում: ԱՄՆ-ը Թուրքիային զսպելու համար շահարկում է հայ-թուրքական հարցը»,- մեկնաբանեց քաղաքագետը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը միևնույն ժամանակ նշեց, որ ՀՀ նախագահի և Քլինթոնի հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, քանի որ Հայաստանը չի կարող անմասն մնալ տարածաշրջանային մյուս խնդիրներից:

No comments: