Wednesday, June 20, 2012

Ինչի համար են մեղադրում Օսկանյանին

«Լրագիր» 19-6-2012- Արմենպրեսին տված հարցազրույցում ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Գորիկ Հակոբյանը մեկնաբանել է Սիվիլիթաս հիմնադրամի և Վարդան Օսկանյանի գործունեության կապակցությամբ հարուցված «փողերի լվացման» գործը: Խոսելով այն մասին, որ Օսկանյանը և Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղաղարյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ գործի վերաբերյալ, Հակոբյանն ասել է, որ ճշմարտությունը բացահայտելուն օգնելու փոխարեն, նրանք իրենց այնպես են պահում, ինչպես մաֆիոզ կլանային կառույցները: Բացի դրանից, Ազգային անվտագության ծառայության տնօրենը, ըստ երևույթին, ամոթալի է համարում այն փաստը, որ հիմնադրամը զգալի ֆինանսներ է ստացել մի շարք արեւմտյան երկրների կառավարություններից: Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորման հնարավորությունը: Բայց եթե Օսկանյանը ցուցմունքներ տար, ուշադրություն կգրավեր և այն փաստը, որ դիվանագետը, ով երկար տարիներ ներկայացրել է Հայաստանի շահերը արտասահմանում, այսօր Հայաստանում զբաղվում է քաղաքականությամբ, թերթ է հրատարակում, ֆինանսավորվելով դրսից, - ասել է Գորիկ Հակոբյանը: Փաստորեն, եթե փողերի լվացման գործով զբաղվում է ԱԱԾ-ն, ուրեմն համարվում է, որ թերթի և հիմնադրամի դրսից ֆինանսավորումը սպառնում է ազգային անվտանգությանը: Այն, որ ֆինանսավորումը չի խախտում թեկուզ եւ «անկատար» օրենքը, ուրեմն ազգային անվտանգությանը սպառնում է կոնկրետ Վարդան Օսկանյանի գործունեությունը: Ինչ նպատակով են արտաքին ուժերը, այդ թվում նաև ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, դրամաշնորհներ տրամադրում Սիվիլիթասին: Եթե այդ նպատակները և հիմնադրամի գործունեությունը սպառնում են ազգային անվտանգությանը, եթե դրանք նպատակաուղղված են պետության թուլացմանը կամ թշնամական կառույցների հետ համագործակցելուն, դավաճանությանը և լրտեսությանը, ապա ԱԱԾ-ն պետք է ուղիղ մեղադրանքներ ներկայացնի հիմնադրամի դեմ: Դժվար թե հանրությունը աջակցի Օսկանյանին, եթե պարզվի, որ նա ռազմական գաղտնիքները Սիվիլիթասի միջոցով ուղարկում էր այլ երկրների դեսպանատներ: Սակայն, ըստ ամենայնի, այստեղ խնդիրը ոչ թե պետության, այլ իշխանության անվտանգության մեջ է: Հայաստանում սովոր են նույնացնել իշխանությունն ու պետությունը, և եթե ինչ-որ մեկը լրջորեն քննադատում է կառավարությանը, նա միանգամից հռչակվում է «ժողովրդի թշնամի»: Այս ճանապարհն անցել են Հայաստանի բոլոր ընդդիմադիրները: Սակայն, ըստ ամենայնի, Օսկանյանն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, և նրա դեմ գործողությունները չափազանց հեռու են գնացել: Բացի դրանից, թերեւս չարժե, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը խոսի 1937 թվականի խորհրդային ԿԳԲ-ի տոնով: ԱՄՆ և ԵՄ երկրները ֆինանսավորում են ոչ միայն Սիվիլիթասը, այլ նաև հայոց բանակը, դատական բարեփոխումները, ոստիկանության վերազինումը, ճանապարհներ են կառուցում Հայաստանում, ջուր են անցկացնում: Անկասկած, արեւմտյան երկրներն ունեն իրենց շահերը, բայց նախքան մեղադրելը պետք է հստակ ցույց տալ, թե որտեղ են նրանց շահերը հակասում Հայաստանի շահերին: Գուցե դեմոկրատիայի զարգացումը, քննարկումների կազմակերպումը, դիսկուրսների ձեւավորումը, թերթի հրապարակումն ու ինտերնետ-հեռուստատեսության ստեղծումը վտա՞նգ են ներկայացնում ազգի համար: Իսկ գուցե Օսկանյանը ուրիշ բա՞ն է արել. ուրեմն խոսեք դրա մասին: Եթե հարցն այն է, որ հիմնադրամը ֆինանսավորվում է մորմոնների կողմից, եթե մորմոններն ու մյուսներն աջակցում էին Օսկանյանի, կամ ասենք Ռոբերտ Քոչարյանի ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական գործունեությանը, ապա եկեք հայտարարենք, որ նրանք իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ: Այլապես ստացվում է, որ քաղաքական գործչին, ում մեղադրում են փողերի լվացման մեջ, իրականում մեղադրում են քաղաքական գործունեության մեջ: Նաիրա Հայրումյան

No comments: