Monday, June 4, 2012

Մ.Աքգյուն. Հայ-թուրքական արձանագրությունների ներկայիս բարդ իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի միջամտությամբ

Panorama.am. 4-6-2012- Երևանի մամուլի ակումբը Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էր «Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» թեմային նվիրված կլոր սեղան, որին մասնակցում էին նաև Թուրքիայից ժամանած լրագրողներ ու հասարակական գործիչներ: Քննարկելով հայ-թուրքական արձանագրությունների սառեցումը, Ստամբուլում գտնվող Համաշխարհային քաղաքական զարգացումների հետազոտման կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կկոչվեն և ուղղակի պետք է կյանքի կոչվեն. «Դա բխում է երկու կողմերի շահերից, իսկ դրանց կյանքի չկոչելը շատ վատ կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի վրա: Հույս ունեմ, որ արձանագրությունները մոտ ժամանակում կյանքի կկոչվեն ու դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն»,- միջոցառման ժամանակ հայտարարեց թուրք գործիչը: Նա նաև նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ներկայիս բարդ իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի միջամտությամբ. «Դա շատ պարզ է բացատրել, քանի որ Ադրբեջանը շատ կարևոր տնտեսական աղբյուրների տեր երկիր է` նրանից Թուրքիան նավթ է ստանում և շատ ներդրումներ ունի այդ երկրում և այլն: Ադրբեջանցի քաղաքական գործիչների հակահայկական ելույթները Թուրքիայում լուրջ հակազդեցություն են առաջացնում և կառավարությունը չի կարողանում դրա տակից դուրս գալ»,- նշեց նա:

No comments: