News.am. 4-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկաս է ժամանում այն ժամանակ, երբ հրադադարի ռեժիմը ավելի ու ավելի փխրուն է դառնում, գրում է BBC-ն: Տարածաշրջանում բոլորը հույս ունեն, որ Քլինթոնի այցելությունը կմեղմի լարվածությունը երկու երկրների միջեւ, նշում է BBC-ի թղթակից Դամյեն ՄքԳինեսը: «Տարածաշրջանը կախված է ԱՄՆ-ի օգնությունից եւ Վաշինգթոնը մեծ ազդեցություն ունի այդ երկրների վրա»,-գրել է ՄքԳինեսը: «Երկու երկրներն էլ վերջին ամիսներին զբաղված են սպառազինության ուժեղացմամբ` հրաժարվելով գնալ փոխզիջումների: Հույս կա, որ Քլինթոնը, առնվազն, կոչ կանի մեղմացնել ռազմական հռետորությունը եւ խաղաղ բանակցություններ անցկացնել»,-ասվում է հոդվածում: Ըստ BBC-ի, Քլինթոնի այցի օրակարգի եւս մեկ թեմա կլինի մարդու իրավունքների խնդիրը: Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարումները մայիսին եղել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, երբ այդ երկիրն ընդունում էր «Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթը: «Միջազգային մամուլում Ադրբեջանի հասցեին հնչող քննադատություններն այդ երկրի իշխանություններն անվանել են հայկական քարոզչության արտահայտություն: Այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղարի կողմից դատապարտումը մեծ կշիռ կունենա»,-կարծիք է հայտնել BBC-ի թղթակիցը:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment