Tuesday, June 5, 2012

Դինքի սպանության տարելիցի ընթացքում ցուցարարին վիրավորած ոստիկանն ազատ է արձակվել

Tert.am. 4-6-2012- Հանգուցալուծվել է Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցի ընթացքում ցուցարարների դեմ կրակ բացած ոստիկանի դատավարությունը. դատարանի դահլիճից նա ազատ է արձակվել: Ոստիկանի բացած կրակից վիրավորվել էր պետական ծառայող Քեմալեթթին Ռըդվան Յալընը: Նրան վիրավորած ոստիկանը դատապարտվել է 17.5 ամսվա ազատազրկման, սակայն դատարանը հաշվի առնելով նրա նորմալ վարքագիծը դատավարության ընթացքում, նրան հենց նիստերի դահլիճից ազատ է արձակել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ»-ը, այս գործում ուշագրավն այլ է, որ նրա վրա կրակած ոստիկանը դատավարության ողջ ընթացքում գրեթե չի ներկայացել դատարան: Կրակոցի հետևանքով ոտքը կոտրած Յալընին, հիվանդանոցում, պարբերաբար ոստիկաններ են այցելել, հայհոյել են, ասել` ի՞նչ գործ ունեիր հայազգի Դինքին նվիրված ցույցին: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ոստիկանները նրա տուն են ներխուժել և սկսել պայթուցիկ որոնել, սակայն ոչինչ չգտնելով հեռացել են: Ավելին` հենց Յալընի դեմ է քրեական գործ հարուցվել` պետական գույքը վնասելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ի վերջո` Ստամբուլի 18-րդ ծանր հանցագործությունների դատարանում դատական գործ է հարուցվել նաև կրակող ոստիկան Մուհամմեդ Գիշիի դեմ: Չնայած ոստիկանի դեմ եղած ցուցմունքներին, որ տեսել են, թե ինչպես է նա հանում զենքն ու կրակում ցուցարարների ուղղությամբ, Գիշին հայտարարել էր, որ զենքը կրակել է պատահմամբ, երբ ինքը կռացած է եղել: «Մարդը երբևէ դատավարությանը ներկա չի եղել, սակայն դրական կեցվածքով պայմանավորված, պատիժը նվազեցվել է: Երևի եթե մասնակցեր դատավարությանը, պատժվողը մենք պետք է լինեինք»,-մեկնաբանելով դատավճիռը` ասել է Յալընը:

No comments: