Sunday, June 24, 2012

Թուրքիան խոստանում է «վճռական» պատասխան տալ Սիրիայի ներողությանը՝ թուրքական կործանիչը խփելու համար

Tert.am. 24-6-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ռազմական օդանավը Սիրիայի Հակաօդային պաշտպանության ուժերը խփել են միջազգային օդային գոտում և միայն դրանից հետո է օդանավն ընկել ու հայտնվել Սիրիայի տարածքային ջրերում, հայտնում է BBC-ն: Դավութօղլուն ասել է, որ ինքնաթիռը զինված չի եղել և Սիրիայի հետ կապված որևէ գաղտնի առաքելություն չի կատարել, այլ միայն սխալմամբ է հայտնվել այն հատվածում, որը Սիրիայի իշխանությունների պնդմամբ այդ երկրի օդային տարածքն է: Սիրիական կողմը պնդում է, որ թուրքական օդանավը ներխուժել է իր տարածք: Սիրիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերը այժմ փնտրում են ինքնաթիռի 2 օդաչուներին: Նախօրեին Սիրիայի իշխանությունները պաշտոնապես ներողություն էին խնդրել Անկարայից «միջադեպի» համար: Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ տվյալ դեպքում հենց «միջադեպ» է տեղի ունեցել, որ սիրիական կողմը նպատակ չի ունեցել կործանել թուրքական օդանավը, և որ սա «ոչ մի դեպքում հարձակում չէ»: Անկարան խոստացել է, որ իր պատասխանը լինելու է «ուժեղ, վճռական և օրինական»: Իսկ թե կոնկրետ ինչ բնույթ կկրեն Թուրքիայի քայլերը, հայտնի կդառնա վարչապետի հետ խորհրդակցությունից հետո, ասել է Դավութօղլուն: Իրանը կոչ է արել 2 երկրներին զսպվածություն ցուցաբերել: Թուրքական F-4 Phantom կործանիչը հունիսի 22-ին անհետացել էր ռադարների էկրաններից՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ օդանավը խփվել է սիրիական ուժերի կողմից:

No comments: