«Լրագիր» 5-6-2012- Հունիսի 4-ին Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նրան որակել էր “հիանալի առաջնորդ”: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել էր մի զեկույց, որում Հայաստանի մասով նկարագրված էր մեղմ ասած ոչ հիանալի մի իրավիճակ, ընդ որում գրեթե բոլոր ոլորտներում՝ բանակ, ոստիկանություն, արդարադատություն, խոսքի ազատություն, իրավունք: Այդ պայմաններում առնվազն տարօրինակ է, երբ պետքարտուղարության զեկույցում նկարագրվում է ամբողջատիրական մի պետություն, իսկ մի քանի օր անց այդ պետքարտուղարության ղեկավարը այդ պետության առաջնորդին որակում է որպես “հիանալի առաջնորդ”: Իրականում, Հիլարի Քլինթոնը երեւի թե հիանալի գիտե ինչն ինչոց է, ինքն էլ հիանալի պատկերացնում է առաջին հայացքից թվացյալ այդ հակասությունը: Բանն այն է, որ ԱՄՆ Սերժ Սարգսյանից ակնկալում է պետքարտուղարության զեկույցում արձանագրված իրավիճակի փոփոխություն: “Հիանալի առաջնորդը” ինչ որ առումով այդ ուղղությամբ կատարված քայլերի գնահատական է, բայց մյուս կողմից նաեւ անհրաժեշտ քայլերի ուղղությամբ ավանս, քարտ-բլանշ: Բայց, ընդհանուր առմամբ, ԱՄՆ գնահատականը հենց այն է, ինչ Նահանգները մտածում են իրականում: Այսինքն, Սերժ Սարգսյանը Հայաստանում բարեփոխումների քաղաքականությունն առաջ մղելու հարցում իսկապես “հիանալի առաջնորդ” է, այլ կերպ ասած՝ այն առաջնորդը, ով պետք է ԱՄՆ-ին: Ընդ որում, Միացյալ Նահանգները այդ մասին նոր չէ, որ հայտարարում է, այլ դա արել է դեռեւս 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը: Խոսքն իհարկե հայաստանյան ներկայիս համակարգի պայմաններում “հիանալի առաջնորդ” լինելու մասին է, երբ իշխում է քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, կլանների, օլիգարխների համակարգը, երբ բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են միմյանց, եւ բարձր է կոռուպցիայի մակարդակը, երբ երկրում իշխում է խորհրդա-ռուսական մտածողությունը, որը մեծ հաշվով մերժում է օրենքի եւ իրավունքի գերակայությունը: Բայց ինչու է Սարգսյանը այդ պայմաններում բարեփոխումների “հիանալի առաջնորդ”, եթե նա ինքն է այդ համակարգի ճարտարապետներից մեկը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը լինելով այդ համակարգի ճարտարապետներից մեկը եւ վերջին նախագահը «ճարտարապետներից», հենց ինքն է այժմ հայտնվել իր մասնակցությամբ ձեւավորված համակարգի սարդոստայնում, ճահճում, ծուղակում: Իսկ ճարտարապետներից նախագահ եղած մյուս երկուսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, այդ հանգամանքը փորձում են օգտագործել հենց Սերժ Սարգսյանի դեմ, փորձելով ամեն մեկը յուրովի տեղավորվել արտաքին մարտահրավերների համատեքստում: Այդ պայմաններում, Սերժ Սարգսյանը ստիպված է կամ փոխել համակարգը, ծուղակից դուրս գալու համար, կամ թողնել իշխանությունը, որովհետեւ համակարգի գագաթին հայտնվելով ճգնաժամին զուգահեռ, նա կամա թե ակամա հայտնվեց ճգնաժամի համար պատասխանատուի դերում: Եթե անգամ Սերժ Սարգսյանին հաջողվի պահպանել համակարգը եւ իշխանությունը միաժամանակ, ինչը առայժմ կարծես թե հաջողվում է, ապա միեւնույն է, նա անզոր է այդ համակարգով դիմագրավել այն մարտահրավերներին, որ Հայաստանն ունի արտաքին զարգացումների առումով, մրցունակության առումով: Այլ կերպ ասած, ոչ այնքան Սերժ Սարգսյանն է հիանալի, որքան ժամանակը, որում նախագահ է Սերժ Սարգսյանը: Պարզապես ԱՄՆ Սարգսյանին ակնարկում է, որ այդ ժամանակին ադեկվատ լինելու դեպքում Սերժ Սարգսյանին հիանալի ապագա է սպասում: Հակառակ պարագայում, հիասթափություն սպասում է ոչ թե Միացյալ Նահանգներին, այլ Սերժ Սարգսյանին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment