News.am. 4-6-2012- Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ըստ այդմ, նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներներ` հակառակորդը հետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: NEWS.am-ի տեղեկություններով, 3 ժամկետային զինծառայող մահացել է, իսկ 5-ը` վիրավորվել: Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment