Tert.am. 4-6-2012- New York Times-ը ծավալուն վերլուծություն է ներկայացրել այն մասին, թե ինչու է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելում Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ: Որոշ ձևակերպումների առանձնահատկություններ արտացոլում են ամերիկյան մոտեցումները և պատկերացումները: «Այս շաբաթ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Կովկասում առճակատման վտանգ կա, որը կարող է ազդել ամերիկյան ու եվրոպական շահերի վրա և դա կանոնավոր ու բարձր մակարդակի ուշադրության կարիք է զգում: Ռուսաստանյան Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում ահաբեկչություն ու ապստամբություն են տարածվում: Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի կից շրջանների Ռուսական օկուպացիան մեծացնում է լարվածությունը: Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն կա՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի շուրջ: Վլադիմիր Պուտինի վերադարձը Ռուսաստանի նախագահի պաշտոնին մեծացնում է իրավիճակի բարդությունը: Նա ձգտում է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը նախկին խորհրդային հարևանների վրա՝ հակակշիռ ստեղծելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության գրավչությանը: Անցած ամիս Պուտինը չմասնակցեց Մեծ ութնյակի գագաթնաժողովին, և հավաքեց Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպությունի առաջնորդներին, որոնց մյուս անդամներից են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Ռուսաստանը նաև ընդլայնված Եվրոպական Տնտեսական միություն է պարտադրում, որին դիմադրում է Ուկրաինան: 2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան նախադեպ ստեղծեց, որը միտված է ուժի կիրառմամբ փոփոխել նախկին խորհրդային պետությունների սահմանները: Մոսկվան կազմակերպեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունների հռչակումը, սակայն նրանք արդյունավետորեն ինտեգրվում են Ռուսաստան: Չնայած անցած տարի Վրաստանը Ռուսաստանին թույլ տվեց միանալ Առևտրի համաշխարհային կազմակերությանը, հարաբերությունները մնում են ցածր մակարդակի վրա: Կրեմլը հրաժարվում է գործ ունենալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, և շատ տնտեսական կապեր առկախված են: Անցած ամիս Չիկագոյում, չնայած Մոսկվայի դեմ լինելուն, ՆԱՏՕ-ն վերահաստատեց, որ Վրաստանը Դաշինքի անդամ կդառնա կդառնա և նշեց այդ երկրի «էական աջակցությունը» Եվրոատլանտյան անվտանգությանը, ներառյալ՝ Աֆղանստանում: Այս տարի Վրաստանում ազատ ու արդար խորհրդարանական և 2013-ին նախագահական ընտրություններ անցկացնելը կազդի անդամության հարցով ՆԱՏՕ-ի վերաբերմունքի վրա: Լեռնային Ղարաբաղի պատերազմը 90-ականների սկզբին տեղահանեց մոտ մեկ միլիոն մարդու և Հայաստանին թույլ տվեց վերահսկում սահմանել անկլավի և Ադրբեջանի տարածքի ևս 9%-ի նկատմամբ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ձգտում է հակամարտության միջնորդավորված լուծման, սակայն բանակցություններն արդեն երկար են ձգվում: Փխրուն հրադադարը հաճախակի է խախտվում: Ռուսաստանը զինում է Հայաստանին և այնտեղ ռազմական բազա ունի: Ադրբեջանն օգտագործում է իր նավթային հարստությունը սպառազինությունների կուտակման համար, իսկ դրա դաշնակից Թուրքիան ավելի քան մեկ տասնամյակ է՝ փակել է Հայաստանի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանկարծակի ապասառեցվել: Հյուսիսային Կովկասում աճում են ժողովուրդների օտարացումն ու ռազմական բռնությունները: Անցած ամիս Պուտինի երդմնակալությունից 3 օր առաջ երկու տասնյակ զինվոր հարձակման զոհ դարձավ: Ռուսաստանը հիմնականում հենվում է ուժի և տնտեսական սուբսիդիաների վրա՝ դիմադրությունը զսպելու համար, սակայն այդ ռազմավարությունը չգործեց: Ահաբեկչությունը կարող է իսկական սպառնալիք լինել Սոչիի 2014թ ձմեռային Օլիմպիական խաղերի համար: Մոսկվան կարող է նորից մեղադրել Ադրբեջանին և Վրաստանին ահաբեկիչներին սատարելու համար, ինչպես կեղծ ձևով արեց 1999-ին՝ Չեչնիայի առնչությամբ: Ինչպե՞ս կարող են Ամերիկան և Եվրոպան նվազեցնել ռիսկերը Կովկասում: Նրանք պետք է վճռականորեն սատարեն Վրաստանի անկախությանը և դրա տարածքի 1/5-րդի ապօրինի օկուպացիայի դեմ հանդես գան: Մոսկվային չպետք է թույլ տրվի վերահսկողություն հաստատել Վրաստանի միջոցով կասպիական էներգիայի արտահանման նկատմամբ: Եվրոպան և Ամերիկան պետք է Վրաստանին ստիպեն հակառուսական թշնամանք չսերմանել Հյուսիսային Կովկասում: Նրանք պետք է համագործակցեն Ռուսաստանի հետ՝ Օլիմպիադայի հետ կապված ահաբեկչական գործողությունները կանխելու համար: Ամերիկան և Եվրոպան այլևս չեն կարող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները հետին պլանում պահել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրում ճնշումներ է իրականացնում, սակայն Եվրոպան և Ամերիկան նրան պետք է նախազգուշացնեն անբարենպաստ հետևանքների, մասնավորապես՝ ավելի ընդգրկուն տարածաշրջանային պատերազմի մասին: Էներգետիկ ներդրումները Ադրբեջանում և դեպի Եվրոպա նոր խոշոր գազամուղը՝ Նաբուկոն, կարող են զոհաբերվել այդ վտանգներին: ԵԱՀԿ-ի անդամները հիմնականում դադարեցրել են Ռուսաստանի ներգրավվածությունը Հյուսիսային Կովկասի լարված իրավիճակների մեջ, սակայն ռիսկերն աճում են և կարող են անցնել Ադրբեջան ու Վրաստան: Անդամները պետք է օգտագործեն Վիեննայում մշտական խորհուրդը՝ մեծացնելու համար մտահոգությունը և երկխոսություն սկսելու համար: Իր այցով Պետքարտուղար Քլինթոնը պետք է ուշադրություն հրավիրի այս լարված դրությունների վրա և վերահաստատի, որ Արևմուտքը ակտիվորեն կաշխատի բախումներն ու հակամարտությունները կանխելու ուղղությամբ:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment