News.am. 4-6-2012- Հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունները Ադրբեջանը վաղուց օգտագործում է որպես ռազմական դիվանագիտություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով սահմանին տեղի ունեցած հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետեւանքով զոհվել էր 3, վիրավորվել` 6 հայ զինվոր: Դիտարկմանը, թե դիվերսիոն գործողությունների Ադրբեջանն ավելի հաճախ դիմում է միջազգային հանրության ներկայացուցիչների տարածաշրջանային այցերի նախօրեին կամ ընթացքում, Մանվել Սարգսյանը արձանագրեց. «Կարծում եմ` սա նույն դիվանագիտության շարունակությունն է, երբ Ադրբեջանը փորձում է կոնկրետ իրավիճակներ ստեղծել եւ հարցեր բարձրացնել միջազգային հանրության առջեւ: Փաստորեն շարունակելով իր դիվանագիտական գիծը միջազգային հանրության ձեռքերով իր օգտին լուծելու խնդիրը»: Վերջինիս խոսքով, միջազգային հանրությունը շատ մեղմ է արձագանքում Ադրբեջանի նման պահվածքին, ավելին, միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ իրենք էլ նպաստում են դրան` Հայաստանի վրա ճնշում բանեցնելու լծակ ընկալելով: «Բազմաթիվ անգամներ եղել է դա, եւ իրենց հայտարարություններով նպաստում են»,- նշեց Սարգսյանը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս իրեն պետք է պահի Հայաստանը, նա պատասխանեց. «Հայաստանը պետք է այնպիսի դիրք ընդունի, որ այդ գործողությունները ի վնաս Ադրբեջանի լինեն, այլ ոչ ի օգուտ, բայց մինչեւ հիմա նման դիրքորոշում չի ցուցաբերվել: Այն մոտեցումը, որ Հայաստանը որդեգրել է` միայն պատժիչ գործողությունները, ինչ-որ տեղ նպաստում է նման քայլերին»: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներներ` հակառակորդը հետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Նշենք, որ այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment