«Լրագիր» 3-7-2012- Ժողովուրդ թերթը գրում է, որ Վահե Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է` 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ 81 համարի երթուղու «տերը» ԱԺ նախկին պատգամավոր, վաղամեռիկ Մելիք Գասպարյանի որդին է, որն այժմ երկրում չէ: Թե ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը, թերևս պարզ կդառնա առաջիկա օրերին, իսկ առայժմ փաստը մնում է փաստ, որ Հայրապետյանի թիկնապահներն այնքան են լկտիացել, որ դեռևս մեկին հողին չհանձնած` մյուսին են ծեծում, իսկ մի ամբողջ երթուղային գծի տասնյակ վարորդների արգելում իրենց հացը վաստակել: Ու այս ամենը կատարվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սիրելի Ավանում` նույնքան սիրելի Հայրապետյանի թիկնապահների կողմից:
Tuesday, July 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment