
Tert.am. 3-7-2012- Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում: Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4 և կշարունակվի Վրաստանում և Ադրբեջանում, այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական պատվիրակության պաշտոնական կայքից: Հերման վան Ռոմպոյը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ԱԺ օվալաձև դահլիճում ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին:
Ինչպես օրերս հաղորդել էր մամուլը՝ ԱԺ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար նախատեսված ելույթից հետո յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկական հարց: Նախագահ Ռոմպոյը նաև բացման խոսքով հանդես կգա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջև։ Այցի ընթացքում նախատեսված է նաև այցելություն Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈՒՆԵՍԿՈ ցուցահանդեսներին: Այնուհետև նա կարճատև այց կկատարի Զվարթնոցի տաճար: Հանդիպումների ընթացքում վան Ռոմպոյը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին,տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրության այլ հարցեր: Վան Ռոմպոյը և Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Ն.Գ. Հերման վան Ռոմպոյը նախագահ Սերժ Սարգսյանի հյուրն է: Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձրաստիճան ղեկավարների հետ:
No comments:
Post a Comment