«Ազգ» օրաթերթ, 26.07.2012: - Օրերս մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե Հայաստանի օլիգարխները հավաք են կազմակերպել եւ որոշել այնպես անել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած խնդիրը կառավարությանը` ապահովել այս տարի 7 տոկոս տնտեսական աճ, տապալվի: Ինչը, ըստ տվյալ թերթի, անխուսափելի կդարձնի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Դժվար է ասել, որքանով է արժանահավատ այս տեղեկատվությունը, հատկապես եթե նկատի ունենանք, որ այն հրապարակած լրատվամիջոցը երբեք էլ աչքի չի ընկել արժանահավատ տեղեկություններ հրապարակելով: Այդուհանդերձ, անկախ օլիգարխների հավաքի լինել-չլինելուց, ակնհայտ է մի բան, որ մեր օլիգարխները չեն կարող գոհ լինել վարչապետի քաղաքականությունից` ուղղված նրանց չարաշահումները թույլ չտալուն: Մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ պայքարը մեկանգամյա գործողություն չէ եւ ոչ մի վարչապետ կամ անգամ նախագահ չի կարող հաշվի չառնել նրանց ազդեցությունը երկրի տնտեսական կամ քաղաքական կյանքում: Սակայն, որ գործող կառավարությունը կոնկրետ քայլեր է անում նրանց ապօրինի գործողությունները թույլ չտալու համար, ակնհայտ է: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ վերջին մեկ-երկու տարում առավել շահութաբեր ոլորտներում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները արհեստականորեն չեն բարձրացնում իրենց ապրանքների գները (խոսքը շուկայական գներ բնական տատանումների մասին չէ), քանի որ աչքի տակ ունեն դեպքեր, երբ դրա համար պատժվել են իրենց գործընկերները: Մասնավորապես, երկու խոշոր ընկերություններ` «Լուսակերտի թռչնաֆաբրիկան» եւ «Նատալի ֆարմը» գերիշող դիրքի չարաշահման համար տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տուգանվեցին համապատասխանաբար 100 մլն եւ 50 մլն դրամով: Բուսական սփրեդը կարագի անվան տակ վաճառողները եւս պատժվեցին եւ ինչպես նախորդ դեպքերում, նույնպես չկրկնեցին իրենց կատարած խախտումը: Դա զգուշացում էր մյուսների համար, որոնք զբաղվում են շաքարավազի, հացահատիկի, բուսական եւ կենդանական յուղերի, բրնձի, զանգվածային սպառման այլ ապրանքների, ինչպես նաեւ կահույքի, շինանյութի ներմուծմամբ կամ արտադրությամբ եւ իրացմամբ: Խոշոր բիզնեսի կողմից հարկային պարտավորություններից խուսափելուն էր ուղղված միջազգային պարտադիր աուդիտի անցկացումը եւ դրա արդյունքների, ինչպես նաեւ հաշվապահական հաշվետվությունների հրապարակումը առավել մեծ շրջանառություն ունեցող առաջին 500 ընկերությունների համար, որի մասին որոշումը կառավարությունն ընդունել էր դեռ երեք տարի առաջ: Մենաշնորհների համար Տիգրան Սարգսյանին եւ կառավարությանը հայհոյախառն քննադատող «լրատվամիջոցներից» շատերը, որոնք շատ հաճախ հովանավորվում են հենց նույն օլիգարխների կողմից, այժմ այդ մասին չեն էլ հիշում: Մինչդեռ, խոշոր բիզնեսի գործունեության թափանցիկությանն ուղղված կառավարության քայլերը եւ մենաշնորհների չարաշահման համար պատիժներն են ստիպելու օլիգարխներին հասկանալ, որ կամայականություններ թույլ տալն այլեւս շատ դժվար կլինի: Իհարկե, հեռու ենք մտքից, թե նրանք արդեն դարձել են պարտաճանաչ եւ օրինապահ: Ավելին, օլիգարխներն ամեն կերպ փորձում են վարկաբեկել Տիգրան Սարգսյանի կառավարությանն ու նրա քայլերը, օգտագործելով իրենց տնտեսական եւ քաղաքական հնարավորությունները, լրատվամիջոցները, խորհրդարանը, իրենց մարդկանց պետական օղակներում եւ այլն: Ընդ որում, կարեւոր էլ չէ, թե նրանք իշխող Հանրապետական կուսակցությո՞ւնն են ներկայացնում, թե՞ նախկին իշխող, այժմ «այլընտրանք» ԲՀԿ-ն: Այնուամենայնիվ, քաղաքական ռիսկ պարունակող օլիգոպոլիաների դեմ պայքարը պետք է շարունակվի, անկախ նրանից, թե դա ում դուր չի գա եւ ով կփորձի օլիգարխների շահերը սպասարկելով վարկաբեկել այն: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Thursday, July 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment