«Լրագիր» 27-7-2012- Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում արմատական եւ երեւում է անշրջելի փոխվել են քաղաքական ճաշակները: Հին համակարգը դեռ գոյություն ունի, սակայն այն ավելի «հնաոճ» ու անճաշակ է դառնում: Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի անվիճելի արբանյակ՝ երկիր, որտեղ անհնար է արմատախիլ անել խորհրդային «կուսակցական» եւ տնտեսական ավանդույթները եւ նորահայտ օլիգարխիկ ուռուցքը, երկիր, որտեղ մարդիկ լռում են, իսկ երբ հանրահավաքի են դուրս գալիս, ապա նրանց վրա կրակում են, երկիր, որտեղ օլիգարխներն անպատիժ են, որտեղ նրանք սեւ հագուստի եւ ցածրորակ երաժշտության նորաձեւություն են թելադրում, երկիր, որտեղ երեխաները երազում են ոսկյա վզնոցներով հաստավիզ թիկնապահների ու ջիփերի մասին, որտեղ Մալաթիայի շուկան նորաձեւության թելադրողն է, իսկ արեւմտամետ տրամադրված մարդիկ դիտարկվում են որպես լրտեսներ: Ներկայում Հայաստանում այլ ճաշակներ են: Պրոռուսական կողմնորոշումն արդեն նորաձեւ չէ, իսկ մարդիկ ավելի շատ են խոսում Եվրոպայի մասին: Ավելին, նույնիսկ իշխող կուսակցությունն է հայտարարում եվրոպական ինտեգրման կուրսի մասին: Ճաշակն այնքան կտրուկ է փոխվել, որ նույնիսկ նախկինում Ռուսաստանում ու Բելոռուսում կապեր ունենալով հպարտացող կուսակցություններն այժմ փորձում են այդքան էլ չխոսել այդ մասին: Իսկ Հայ ազգային կոնգրեսն ընդհանրապես չի անդրադառնում այդ թեմային: Եվրոպական կողմնորոշման դեմ խոսելն արդեն լավ տոնայնություն չի համարվի, սակայն աջակցել էլ չի կարելի, որովհետեւ կստացվի, որ աջակցում ես Սերժ Սարգսյանին: Արդեն նորաձեւ չէ նաեւ օլիգարխիան: Նրանք, ովքեր նախկինում իրենց օլիգարխ են կոչել, նույնիսկ պնդում էին, որ օլիգարխը ժողովրդի մասին մտածող հարուստ մարդն է, արդեն փորձում են ոչ թե թանկարժեք քարով մատանի ցույց տալ, այլ որդու քեմբրիջյան դիպլոմը, իսկ իրենց որդիների մկրտությանը ոչ թե նախկին ռաբիս երաժիշտներին են հրավիրում, այլ դասական քառյակների: Փոխվել է նաեւ իշխանության ճաշակը, եւ այժմ այն ամոթ չի համարում հասարակական կարծիքը լսելը, ընդհակառակը, վատ է համարվում չլսելը: Եթե նախկինում իշխանությունը վախենում էր գոնե մեկ անգամ կատարել հասարակության պահանջը, որպեսզի դա որպես թուլություն չընկալվի, ապա ներկայում հասկանում են, որ ժողովրդավարությունը նորաձեւ եւ բարեկիրթ է: Փոխվել է նաեւ քաղաքացիական հասարակության ճաշակը: Եթե նախկինում հասարակությունն իր քննադատության սուր կողմն ու բողոքն ուղղում էր որոշակի իրադարձությունների ու աղաղակող փաստերի դեմ, ապա այժմ պայքարը մասշտաբային է դարձել, եւ ավելի լայն պահանջներ են առաջ քաշվում: Օրինակ, Հարսնաքարի դեպքից հետո քաղաքական հստակ պահանջներ են ձեւակերպվել: Քաղաքացիները պահանջում են օլիգարխիկ համակարգի ապամոնտաժում, կամ այլ կերպ ասած՝ հասարակարգի փոփոխություն: Չնայած նրան, որ հին ճաշակը պահպանվում է, եւ օլիգարխները դեռեւս խորհրդարանում են, սակայն դա արդեն իներցիայով է: Քաղաքական ճաշակի փոփոխությունը չի կարող կառուցվածքային փոփոխությունների չհանգեցնել: Նաիրա Հայրումյան
Saturday, July 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment