Saturday, July 7, 2012

Սփյուռքահայերը պահանջում են Հայաստանը ազատել քրեաօլիգարխիկ համակարգից

1in.am. 6-7-2012-Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց երեկ տեղի ունեցավ բողոքի
ակցիա` ի հիշատակ ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր, 33-ամյա Վահե Ավետյանի: Ակցիան կազմակերպվել էր ԼԱ հեռարձակվող «Վարագույր» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանի, Անահիտ Մարտիրոսյանի, Արմեն Բարսեղյանի և ազատամարտիկ Հրանտ Թովմասյանի նախաձեռնությամբ: Ակցիայի ընթացքի, նպատակի, պահանջի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԼԱ հեռարձակվող «Վարագույր» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանի հետ: Ըստ նրա՝ հիմնական նպատակը հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի դեմ սփյուռքահայերի բողոքի ձայն բարձրացնելն էր: Նա նշեց, որ ակցիայի մասնակիցների պահանջն է, որ այսօր Հայաստանը զրկվի օլիգարխիկ համակարգից և Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն. «Չնայած ակցիայի մասնակիցները եկել էին՝ ի հիշատակ Վահեի, բայց վանկարկում էին « Սերժի՛կ, հեռացի՛ր»՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների հիմնական մեղքը տեսնելով նրա իշխանության մեջ: «Այս իրադարձության մեղքը չենք տեսնում առանձին օլիգարխների գործունեության մեջ, օլիգարխների ամբողջ համակարգն է մեղավոր: Այսօր Նեմեց Ռուբոն է, վաղը կլինի Դոդի Գագոն, մյուս օրը կլինի Լֆիկ Սամոն, ինչպես և անընդհատ տեղի է ունենում: Դեմոկրատական երկրներում, որտեղ գոյություն ունի հարուստ, միլիոնատեր, օլիգարխ, նա երբեք պատգամավոր չի կարող դառնալ, իշխանության մեջ չի կարող մտնել, նա պետք է իր գործունեությունը, իր բիզնեսը կանգնեցնի, այնուհետև լինի իշխանություն: Իշխանությունը չի կարողանում պայքարել, որովհետև իշխանությունն ամենավերևից սկսված՝ ծայրից ծայր այդ համակարգի և մաֆիոզ կառույցի մեջ է»,- մեկնաբանեց Ռուդիկ Հովսեփյանը՝ հավելելով, որ սփյուռքահայերի համար շատ զարմանալի է նաև այն, որ ընդդիմությունը հայտարարում է մինչև սեպտեմբեր արձակուրդ գնալու մասին: Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե քաղաքականությունն ինչպես է գնում արձակուրդ: Ըստ քաղաքական մեկնաբանի՝ ապրում ենք մի երկրում, որտեղ արձակուրդ կարող են բոլորը գնալ՝ բացի քաղաքականությունից, իսկ եթե այնուամենայնիվ քաղաքական գործիչները գնացել են, նման դեպքում անմիջապես փողոց պետք է դուրս գան, քանի որ մարդուց թանկ բան աշխարհում գոյություն չունի: Ուստի հետևելով Հայաստանում զարգացող գործընթացներին՝ մեկնաբանը եզրակացնում է, որ միայն Հայաստանում է, որ ամենաէժանը մարդն է. «Ուստի դա է պատճառը, որ երբ վայրագաբար սպանվեց բժիշկը, մենք կարծում էինք, որ ընդդիմությունը փողոց դուրս կգա և չի սպասի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին, մեզ համար սա զարմանալի է: 20 տարի առաջ մի սևականի ԱՄՆ-ում ընդամենը ծեծի էին ենթարկել, ամբողջ Լոս Անջելեսը փողոց էր դուրս եկել օրեր շարունակ: Հայաստանում զոհվում է պետական կառույցի ամենաուժեղ Պաշտպանության նախարարության բժիշկը, և մենք դա փողոց դուրս գալու պատճառ չենք համարում: Հետաքրքիր է՝ փողոց դուրս գալու համար ի՞նչ պետք է լինի Հայաստանում, որ շատ ավելի կարևոր լինի, քան մարդու մահը: Սփյուռքի հայության համար շատ զարմանալի է, որ այսօրվա ընդդիմությունը հանկարծ Գագիկ Ծառուկյանի հետ փորձում է ճանապարհ գնալ: Գագիկ Ծառուկյանը, ինչպես եղել է մեզ համար անընդունելի իշխանության կոալիցիայի անդամ, անընդունելի օլիգարխ, այնպես էլ մնում է, նա բոլոր օլիգարխների հետ հավասար է: Մենք ոչ մի օլիգարխի մյուսից չենք տարբերում, մեզ համար բոլորն իրար հավասար են »,- նման կարծիք հայտնեց Վարագույր հեռուստահաղորդման քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում համալիրի և պատգամավորի անվտանգության աշխատակիցները մահու աստիճան ծեծի էին ենթարկել ՊՆ բժիշկների: Օրեր անց ծեծի ենթարկված բժիշկներից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացավ:

No comments: