Saturday, July 7, 2012

Իոսիֆ Դիսկին. Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող TANAP գազամուղն ապահովել բավարար հումքով

News.am. 6-7-2012- Թուրքիայի եւ Ադրբեջանի` TANAP գազատարի կառուցման նախագիծը գեղեցիկ ու լավն է, բայց որտեղի՞ց են նրանք հումքը վերցնելու: NEWS.am-ի թղթակցի հարցին նման հարցով պատասխանեց Ռուսաստանի հանրային պալատի անդամ, քաղաքագետ եւ տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը` մեկնաբանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Տրանսանատոլիական գազատարի կառուցման մասին պայմանագիրը: «Ես հակված եմ կարծիքին, որ այն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական փաստաթուղթ է, Nabucco-ի օրինակով», - հայտարարեց Դիսկին: Նրա խոսքով, այսօր շատ սուր է դրված այդ գազատարը հումքով ապահովելու խնդիրը, որի պատասխանը դեռ չկա: «Ադրբեջանը դրա համար գազ չունի, Թուրքիան երբեք գազ չի ունեցել: Եթե նրանք կարողանան պայմանավորվել Թուրքմենստանի հետ, ապա, հնարավոր է, նախագծի ինչ-ինչ գծեր առավել իրական կթվան»,-ընդգծեց փորձագետը` միաժամանակ հիշեցնելով, որ թուրքմենական հումքի մեծ մասի համար Չինաստանն արդեն պայմանագրեր ունի: «Դա քիչ հավնական է»,-նկատեց Դիսկինը` համաձայնելով այն կարծիքի հետ, որ այս պայմանագիրն ավելի շատ Իրանի նկատմամբ դեմարշ է հիշեցնում: «Միակ «ազատ» գազն այսօր Իրանում է, բայց Թուրքիան, տարածաշրջանային լիդերի դեր խաղալով, փորձում է թույլ չտալ եվրոպական շուկա դրա դուրս գալը: Բացի այդ, ստորագրված պայմանագրով Թուրքիան եւ Ադրբեջանը ցույց են տալիս, որ շարունակում են միմյանց համար առաջնային գործընկեր մնալ»,-եզրափակեց Դիսկինը: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիան եւ Ադրբեջանը հունիսի 26-ին Ստամբուլում պայմանագիր են ստորագրել 7 մլրդ դոլար արժեքով Տրանսատլանտյան գազատարի (TANAP) շինարարության մասին: Նոր գազային մայրուղին իրական այլընտրանք է դառնալու Nabucco գազատարին, որտեղ ժամանակին նախատեսվում էր Ադրբեջանի մասնակցությունը: Կոնսորցիումի հիմնադիրներն են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` 80 տոկոսով, եւ թուրքական Botas ու Turkiye Petrolleri AO ընկերությունները` 20 տոկոս: Ակնկալվում է, որ դրան կարող են միանալ միջազգային ընկերությունները, առաջին հերթին` BP-ն:

No comments: