Saturday, July 7, 2012

ԼՂՀ նախագահի խոսնակ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը բեկում չի առաջացնի

News.am. 7-7-2012- Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման գործընթացում այսօրվա դրությամբ ոչ մի նոր բան սպասել չարժե: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` խոսելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի Հայավային Կովկաս սպասվող այցի մասին: Նրա խոսքով, բանակցային գործընթացում այս կամ այն փոփոխությունների համար պետք է նախադրյալներ լինեն: «Այստեղ կա մի քանի ասպեկտ, որոնք թույլ են տալիս նման պնդում անել եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին դիտարկել: Նախ, ԼՂ խնդիրը պետք է քննարկել համաշխարհային աշխարհաքաղաքական սցենարների զարգացման համատեքստում, այդ թվում Մերձավոր Արեւելքում, իսկ այդ տարածաշրջանում ստեղծավ իրավիճակը չի նպաստում դրան: Երկրորդ, Ադրբեջանը խոչընդոտում է դրան` հանդես գալով ռազմատենչ հայտարարություններով, որն իր մեջ կրում է ռասիզմ, ֆաշիզմ, հայատյացություն: Երրորդ, գոյություն ունեցող ձեւաչափը հնարավոր ձեւաչափերից մեկն է, որը 20 տարվա ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը մարտնչում է ԽՍՀՄ ժամանակների իրեն լիովին սպառած ձեւաչափով»,- ընդգծել է Բաբայանը` հստակեցնելով, որ արդյունավետության տակ հասկանում է խաղաղության, ստատուս քվոյի պահպանումը, ինչն ինքնին առաջընթաց է: Այս համատեքստում, պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, ինչպես նաեւ Զանիերի տարածաշրջան կայանալիք այցը հանգեցնել բանակցություններում առաջընթացի, Բաբայանն ասել է հետեւյալը. «Աշխարհի շատ թեժ կետերում պարզապես երազում են, որ իրավիճակը գոնե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու նման լինի: Հարաբերական կայունությունն արդեն մեծ առաջընթաց է: Ավելին ակնկալել չարժե»: Բացի այդ, ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի խոսքով`վերեւում կարճ նկարագրված Ադրբեջանի պահվածքը, հաշվի առնելով նրա ժամանակավոր անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին, ապտակ էր միջազգային իրավունքին, եւ այդ պայմաններում ստեղծված իրավիճակի պահպանումը եւ հակամարտության սրացումը թույլ չտալն արդեն ձեռքբերում է: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուլիսի 8-12-ին տարածաշրջանային այցով կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Իր այցը ԵԱՀԿ-ի ղեկավարը կսկսի Բաքվից` հուլիսի 8-9-ին, ինչից հետո կուղեւորվի Վրաստան, որտեղ կլինի Թբիլիսիում եւ Բաթումում, իսկ հուլիսի 11-12-ին կժամանի Երեւան: Այցի շրջանակում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի երեք պետությունների ղեկավարության հետ, կքննարկի ռազմաքաղաքական , ինչպես նաեւ տնտեսական, շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

No comments: