
Panorama.am. 27-7-2012- Միջազգային «Freedom House» կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` երկրում մամուլի վատ վիճակի պատճառով արտասահմանից հնչող քննադատությունները կասկածի տակ առնելու համար: Այս մասին հայտնում է «Ազադլիգ»-ը: «Ադրբեջանի կառավարությունը վերջապես պետք է հասկանա, որ երկրում մամուլի վատ վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն հենց ինքն է»,-BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է կազմակերպության մամուլի ազատության ծրագրի ղեկավար Կարն Կարլեկարը:
Վերջինիս փոխանցմամբ՝ «Freedom House»-ի և այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքը կասկածի տակ առնելուց առաջ Բաքվում պաշտոնյաները պետք է իրենք իրենց հարց ուղղեն, թե ինչու միջազգային դիտորդների մեծամասնությունը դժգոհ է Ադրբեջանում առկա իրավիճակից: Կարլեկարը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանը «Freedom House»-ի դասակարգման մեջ գտնվել է մասնակիորեն ազատ երկրների շարքում, սակայն, վերջին շրջանում իրավիճակը գնալով վատթարացել է: «Ադրբեջանի դեմոկրատական նորմերը, հատկապես, մամուլի ազատության բնագավառում խախտումները, կարելի է ասել, որ վատացել են ամեն տեղ»,-ասել է նա` նշելով, որ մարդու իրավունքներից երբեմն խոսող Ադրբեջանի չինովնիկները ավանդաբար ժխտում են բոլոր մեղադրանքները և մեծ ռեսուրսներ հատկացնում` իրենց հասցեին արվող քննադատությունը նվազեցնելու, մրցակիցների` ԶԼՄ-երով ելույթները սահմանափակելու համար: Ըստ Կարլեկարի, Ադրբեջանում իշխող ուժերը ռեպրեսիաները ներկայացնում են «գիտական» հիմունքներով: Իլհամ Ալիևի կառավարությունն աշխատում է նոր կառավարման տարրեր կենսագործել և փոխել քրեական դատաքննության համակարգը: Մամուլի նկատմամբ կոշտ վերահսկողությունը պահպանելու համար իշխանությունը տարբեր մեթոդներ է ձեռնարկում. ձերբակալում է լրագրողներին, անվանարկման համար դատի տալիս նրանց: «Freedom House»-ի ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել առ այն, որ Բաքվում տեղի ունեցող գործընթացները շատ քիչ ուշադրության են արժանանում Արևմուտքի, այդ թվում նաև ԱՄՆ կողմից: Նրա կարծիքով, դա կարող է կապված լինել Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հետ: Կարն Կարլեկարն աշխարհում, այդ թվում Ադրբեջանում մամուլի ազատությունների սպառնալիքների հարցով հուլիսի 25-ին ելույթ է ունեցել նաև ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում (Թոմ Լանթոսի հանձնաժողով):
No comments:
Post a Comment