«Լրագիր» 27-7-2012- Վերջերս մի խումբ մտավորականներ դիմել են Սերժ Սարգսյանին, հեռուստաեթերը մաքրելու առաջարկությամբ: Բլոգեր, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ հեռուստատեսության մասին հնչած բոլոր գնահատականներն ավելի մեղմ են, քան կարելի է տալ, քանի որ եթերն իսկապես աղբի է վերածվում: Ամենակարևորը, նրա խոսքով, չպետք է պնդել, որ հեռուստատեսությունը պրոպագանդող գործառույթ ունի և անընդհատ գլուխ պետք է լվա: Այն ժամանցի միջոց է, բայց այն չի կարող հակահանրային, հակաիրավական, հակագեղագիտական գործունեությամբ զբաղվել: Մյուս կողմից, ըստ նրա, բողոքի ընտրման ձևը հասկանալի չէ՝ բողոքում են մարդիկ, որոնք այնքան մոտ են կանգնած իշխանությանը, որ հարց է ծագում՝ ինչու ուղղակիորեն, առանց աղմուկի, առանց բաց նամակի չդիմել համապատասխան մարմիններին՝ հարցով զբաղվելու համար: Արմեն Հովհաննիսյանի կարծիքով, սա որոշակի ուշադրություն գրավելու միջոց է, բայց շատ ազնիվ և անկեղծ մարդիկ կան, որոնք սխալ են ընտրել բողոքի օբյեկտը. «Ամեն օր մենք մեր գլխին սկսում ենք Սաուդյան Արաբիա կառուցել, որ հետո բողոքենք, թե ինչ խայտառակ վիճակում ենք գտնվում: Նախագահին դիմողներն ինչ են մտածում, որ այդ մարդը պետք է լուծի հեռուստաալիքների բարոյական և գեղագիտական մակարդակը բարելավելու խնդի՞րը, մի մա՞րդ կա Հայաստանում, որ այդ հարցերով զբաղվում է: Եվ եթե դա իսկապես այդպես է, ուրեմն վայ մեզ»: Նրան զարմացրել է վերջերս մտավորականներից մեկի այն միտքը, որ շատ լավ են իրենք արել, որ դիմել են նախագահին, քանի որ, ըստ սահմանադրության, գերագույն դատավորն է: Նոր վերահսկողական ինստիտուտի ձևավորումը, ըստ Արմեն Հովհաննիսյանի, խնդիրները չի լուծում, քանի որ այդ ինստիտուտների ձևավորումն ավելի շուտ խնդիրներ է ստեղծում, քան լուծում, և գուցե նրանք հեռուստաընկերությունների ղեկավարության հետ պետք է մտնեին անմիջական շփման, երկխոսության մեջ, ինչո՞ւ պետք է պետությունը միջնորդ կանգնի գոհ և դժգոհ քաղաքացու միջև, երբ ամեն ինչ կարելի է բանականության և օրենքի սահմաններում իրականացնել: Բլոգերը խորհուրդ է տալիս բյուջեի հաշվին ապրող հանրային հեռուստատեսության վրա աշխատեն, նորություն մատուցելիս այնպիսի համապարփակ օբյեկտիվ տեսարան ներկայացնեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, ինչպես BBC-ին կներկայացներ Մեծ Բրիտանիայի մասին, առաջին հերթին դա է կարևոր: Թող պետությունը Հ1-ը դարձնի օրինակելի ալիք, թող բոլորս զարմանանք, հետո մնացած ալիքները որպես օրինակ թող առաջնորդվեն Հ1-ով: Իսկ մեզանում բոլոր հեռուստաալիքները վերջում դառնում են կամ Բաղրամյան 26-ի սեփականությունը, կամ ինչ-որ մի օլիգարխի սեփականությունը: Ըստ նրա, այնպիսի ալիքներ պետք է ստեղծվեն, որ ալիքի աշխատանքն իսկապես լինի անկախ, դա չի նշանակում, որ պետք է ստեղծվեն ընդդիմադիր ալիքներ: «Ես ճիշտն ասած չեմ հասկանում ընդդիմադիր հեռուստաընկերության գաղափարը, դա թերթ չի, կայք չի, բայց գոնե պետք է օբյեկտիվ լինի: Պատկերացրեք մի մարդ, որը Հայաստանում չի գտնվում, բայց գիտի հայերեն, միացնի Հանրային հեռուստատեսություն, արդյոք կստեղծվի ճիշտ տպավորությո՞ւն՝ ինչ երկիր է Հայաստանը, ինչ խնդիրներ ունի, իր մոտ կստեղծվի ծայրահեղ խեղաթյուրված պատկեր, իսկ եթե նա սերիալներն էլ դիտի, կստեղծվի պատկեր, որ Հայաստանում իսկապես դեգեներատներ են ապրում, երեք միլիոն դեգեներատ»: «Նույնը բոլոր ալիքներում. սա մեծագույն պրոբլեմ է, ու այդ խնդիրն այնպես չէ, որ օբյեկտիվորեն է ծագել, և հիմա դիմում են թիվ մեկ գեղագետին, որ ասի՝ գեղեցիկ չէ, և պետք է փոխվի այդ ամենը: Մեր նախագահի ինստիտուտը փաստորեն ձեռք է բերում Հայաստանի թիվ մեկ գեղագետի, գեղագիտության արբիտրի ֆունկցիաներ, որն ինձ համար անընդունելի է, դա պետության խնդիրը չէ, պետությունն այնքան խնդիրներ ունի լուծելու, որ չպետք է այդպիսի բաներով զբաղվի», ասել է Արմեն Հովհաննիսյանը:
Saturday, July 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment