News.am. 25-8-2012- Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները սրել են քրդական հարցը եւ Թուրքիայի արեւմտյան հատվածում փաստորեն ամեն օր ռազմական գործողություններ են ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի արեւալագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Անդրադառնալով Թուրքիայի, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու, ՄԱԿ-ում կատարած հայտարարությանը՝ թուրքագետը նշեց, որ սիրիական իրադարձությունների սկզբնական շրջանում Թուրքիան բոլորին իր «մարդասիրությունն էր» ապացուցում՝ ընդունելով սիրիացի փախստականներին, սակայն Անկարան արդեն անհանգստանում է Սիրիայում փաստացի կիսանկախ քրդական տարածքների գոյությամբ: «Թուրքիան անհանգստացած է Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածում քրդական կիսանկախ տարածքների գոյությամբ, եւ այս հայտարարությամբ փորձում է Սիրիայի հյուսիսային հատվածներում բուֆերային գոտի ստեղծել, այդպիսով փաստացի օկուպացնել Սիրիայի որոշ տարածքները»,- ընդգծեց փորձագետը: Նրա գնահատմամբ՝ միջազգային զարգացումներից կարելի է ենթադրել, որ քրդական գործոնի ակտիվացման հավանականությունը առավել իրատեսական է դառնում, հատկապես, որ քրդերն այսօր քաղաքականապես ավելի կազմակերպված են: Բացի դրանից, քրդերը մոտ 30 մլն են, եւ ուշ թե շուտ նրանք սեփական պետություն կստեղծեն: «Թուրքական հասարակությունում արդեն խոսվում է այն մասին, որ հանուն ամենօրյա արյունահեղության դադարեցման, կարելի է դիտարկել քրդերին ռազմավարական կարեւորություն չունեցող տարածքի տրամադրման հավանականությունը, Քուրդիստանի ստեղծման համար: Եթե ռազմական գործողությունները տարածաշրջանում ավելի մասշտաբային զարգացումներ ունենան, ապա զարգացման այս սցենարը չի կարելի բացառել»,-ասաց Մելքոնյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 20-ին ՄԱԿ-ում կոչ էր արել Սիրիայի հյուսիսում պահպանվող անվտանգության գոտի ստեղծել, որտեղ կարող են տեղավորվել փախստականները:
Saturday, August 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment