HayNews.am. 25-8-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, թուրքական NTV հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև սիրիահայերի խնդրին: Դավութօղլուն խոսել է Սիրիայում ստեղծված իրավիճակից, ապա առանձին անդրադարձ կատարել նաև Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներին, որտեղ ապաստան են գտել տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ: Լրագրողները նշել են, որ սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներում հիմնականում ապաստան են գտնում սուննի ուղղության հետևորդ սիրիացիները, ինչպես նաև թուրքմենները: Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան նշել է, թե իրենց դռները բաց են բոլորի համար` «լինեն քրիստոնյաներ, քրդեր, թե այլ հավատքի հետևորդներ»: Այս ամենից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք խոսքը վերաբերում է նաև հայերին, ովքեր Սիրիա են անցել Հայոց ցեղասպանության տարիներին` փրկվելով թուրքական յաթաղանից: «Նման իրավիճակում ամեն ինչ, այդ թվում նաև 1915 թվականը, մոռացվում է: Մեր մշակույթի մեջ վրեժ, ռևանշիստական նկրտումներ չկան: Թող այսօր էլ գան, ով էլ լինի, մեր դռները միշտ բաց է»,-հայտարարել է Դավութօղլուն: Նշենք, որ ավելի վաղ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ Թաթուլ արք Անուշյանը հայտարարել էր, որ «Թուրքիան պատրաստ է ընդունել բոլոր սիրիահայերին, ովքեր ցանկություն կհայտնեն տեղափոխվել այդ երկիր»: Հավելենք, որ Թուրքիան պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին, որոնք էլ վտանգ են ներկայացնում Սիրիայի հայ համայնքի համար:
Saturday, August 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment