Նախեւառաջ, պետք է նշել, որ «խալյավան» (հայերեն՝ ձրի ուտելիք, լափ) ռուս ժամանակակից պանյատկաների լեզվի պաշտոնական չափանիշ է, եւ առանց դրա դժվար կլիներ համարժեք արտահայտել որոշակի քաղաքական ձեւակերպումներ, վարել հրապարակային եւ ոչ հրապարակային բանավեճ: Ընդ որում, իհարկե, «խալյավան» տարրական հասկացություն է նաեւ հայկական քաղաքականամերձ էլիտայի համար, ներառյալ լրագրողները, քաղաքագետները եւ հնարավոր բոլոր հեղինակները, այդ թվում եւ խորհրդարանում նիստերի մասնակցող: Քաղաքական դրայվի յուրաքանչյուր փուլում առաջանում է սեփական խալյավան, ավելին, միայն հերթական խալյավայի ի հայտ գալուց կարելի է համարել, որ Հայաստանում սկսել է քաղաքական ինտրիգի նոր փուլ: Ինտրիգ, որն ամեն մի փուլի հետ ավելի ու ավելի է խամրում եւ ձանձրալի դառնում: Սակայն դա այնքան էլ կարեւոր չէ, չէ՞ որ գլխավորն այն է, որ գաղափարի կրողներն ունենան քիչ թե շատ նշանակալի կերակրատաշտ: Ավելի վաղ, առավել պատկառելի խալյավաներ էին արեւմտյան կամ պրոարեւմտյան նախագծերը, որոնց վրա նստում ու ընդարմանում էին պսեւդոլիբերալ շրջանակների ներկայացուցիչները: Սակայն, արեւմտյան խալյավան վաղ թե ուշ պետք է սպառվեր, քանի որ Արեւմուտքի խնդիրները հիմնականում լուծվել են: Ռուսական խալյավան, որ առաջանում է ամեն 3-4 տարի պարբերականությամբ, առայժմ ակտուալ է, քանի որ որեւէ նախագիծ չի իրականացվել՝ ոչ ամբողջությամբ, ոչ էլ մասնակի: Եղել են տարբեր վարկածներ՝ ԱՊՀ, Ռուսաստան-Բելառուս-Հայաստան, ՀԱՊԿ, Մաքսային միություն, իսկ այդ փորձերի արանքում՝ բանկետային բնույթի հնարավոր ամեն տեսակի նախաձեռնություններ: Խնդիրն ամենեւին այն չէ, որ որեւէ միջպետական միությանը մասնակցությունը վատ է, թե անթույլատրելի: Խնդիրը տվյալ նախագծի բովանդակությունն է: Եվրասիական նախագիծն (կամ ինչպես ընդունված էր մոսկովյան քաղնախագծողների որոշակի շրջանակներում՝ Նեոեվրասիական նախագիծ) իրենից ներկայացնում է խորապես գաղափարականացված ձեռնարկ, որը ներառում է աշխարհքաղաքական, աշխարհտնտեսական եւ սոցիոմշակութային բաղկացուցիչների համադրումը: Ոչ Ռուսաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս, Եվրասիայում, չկա այդքան մշակված նախագիծ, եւ սպասելի էր նման բարդ թեմաների շուրջ բանավեճ, նախքան խալյավային բնույթի «սեղան նստելը»: Սակայն դա տեղի չի ունենում եւ երբեք տեղի չի ունենա, քանի որ Եվրասիական նախագծի տարբեր կողմերի քննարկումը կհանգեցնի բավական լուրջ հարցերի նախնական մշակման եւ լուծման: Պետք է նշել, որ Նեոեվրասիական նախագծի առաջատար մշակողներին ընդամենը վերցրել են այդ հնամյա նավ, բայց ոչ որպես նախագծողներ, որոնք կոչված են մասնակցել մշակման աշխատանքներին, եւ առավել եւս՝ որոշումների ընդունմանը: Թեկուզ այս հանգամանքը պետք է մտորումների տեղիք տա, նախքան ոտքով-գլխով խալյավայի մեջ նետվելը: Նախեւառաջ, անհրաժեշտ է մշակել մասնակիցների կազմի, տնտեսական եւ ռազմաքաղաքական հարաբերությունների, արտաքին քաղաքական հարաբերությունների, միջազգային տարբեր դաշինքներին մասնակցության հարցերը, ինչպես նաեւ տարբեր մասնակից-պետությունների առաջնահերթությունները եւ շահերը: Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ Եվրասիական նախագծի իրականացումը ենթադրում է «պարկի մեջ գտնվող կատվի վաճառք», այլապես, բավական մշակված պայմանավորվածությունների պարագայում, ոչ մի պետություն չէր մտնի այդ վիրտուալ միության մեջ: Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք նման հնարք նման լուրջ խնդրի լուծման դեպքում: Իհարկե հնարավոր է, եթե հիշենք, թե ինչպես է ստեղծվել ՀԱՊԿ-ը, որում ցանկացած պետություն պատրաստ է ամենաժամանակակից զենք մատակարարել իր դաշնակցի հակառակորդին: Արդյոք այս հանգամանքը քննարկվել է այդ կազմակերպության ստեղծման ժամանակ: Հնարավո՞ր է արդյոք, որ ռազմական այդ դաշինքի անդամ պետությունը ժամանակ առ ժամանակ դուրս գա դրա կազմից: Կասկած չկա, որ Եվրասիական միության հիմքում դրվելու է ոմն «կապույտ թուղթ», որը ոչնչի չի պարտավորեցնելու: ՆԱՏՕ-ի ընդլայնումն արեւելյան ուղղությամբ տեղի է ունեցել, «արեւելքից սպառնալիքի» դեմագոգիկ քարոզչության պայմաններում: ՀԱՊԿ-ը ստեղծվել է իրական սպառնալիքի գոյության պայմաններում, որոնք չեզոքացված չեն, եւ ավելին՝ այդ դաշինքի ստեղծման հետեւանքով ավելի են ուժեղացել, ինչն, ի դեպ, լիովին ձեռնտու է Ռուսաստանին: Դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի առաջատար պետությունները բավարարված են դաշինքի այլ անդամների հանդեպ արտաքին սպառնալիքների ուժեղացմամբ (գուցե բացառություն է Թուրքիան, որին նրա գործընկերները շրջափակում եւ մղում են դեպի հարեւանները): Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարները շարունակում են իրենց զգալ ոչ թե որպես քաղաքական գործիչներ, այլ ֆունկցիոներներ մի երկրում, որտեղ նրանց կողքին գոյություն ունի լիովին իրական տնտեսական (որոշ չափով քաղաքականացված) էլիտա, որը բացարձակապես անտարբեր է ցանկացած աշխարհքաղաքական գաղափարների ու նախագծերի հանդեպ: Նրանց պետք չէ «մեծ Ռուսաստանը», եւ առավել եւս Եվրասիական նախագիծը: Նրանց հետաքրքրում է մեկուսացված, Արկտիկային սեղմված պետություն, 15 միլիոնից ոչ ավելի բնակչությամբ, որն արդյունահանում է նավթ, գազ եւ ոսկի: Նման հասարակության համար Եվրասիական նախագծի մասին խոսելն ու քննարկելը պարզապես ծիծաղելի է: Ժամանակին հայ վերլուծաբանները բավական մանրամասն մշակել էին Եվրասիական նախագիծ, Հայաստանի շահերին համահունչ, եւ գլխավոր խնդիր էր դրվել ոչ ամենեւին դրան մասնակցելը, որպես ինքնանպատակ, այլ Եվրասիական «դաշտում» կանոնների գիտակցված ընդունումը: Հնարավոր է՝ դա կարեւորագույն տեխնոլոգիական հնարք է, որը կարող էր դառնալ եվրասիական ուղղությամբ Հայաստանի քաղաքականության բազիսը: Ներկայում, երբ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության առջեւ հառնել է ռազմավարական դոկտրինի մշակման եւ ներկայացման խնդիրը, սեփական պահանջվածության ապացույցների շրջանակում հիշել են եվրասիական նախագծի մասին, ավելի ճիշտ՝ ոչ թե նախագծի, այլ մտահղացման: Եթե տվյալ նախաձեռնությունն ինչ որ գործնական իմաստ էլ ունի, ապա միայն այլ դաշինքների ու միությունների, նախեւառաջ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արգելակման եւ սահմանափակման մասով: Դա էլ կլինի միակ արդյունքը Հայաստանի համար, Եվրասիական միությանը մասնակցելու դեպքում: Եթե խոսենք տեխնոլոգիաների մասին, ապա կարելի է անդամակցել ցանկացած հեղհեղուկ բանի, որը սկսում է Ռուսաստանը, մի քանի տարի հետո դա կպայթի եւ կմոռացվի: Իսկ մինչ այդ, ծավալվում է խալյավան՝ բանկետներով, ֆուրշետներով եւ քաղաքական գործիչների եւ մերձքաղաքական սերվիսի գործիչների դատարկաբանությամբ: Կլինի շատ կոնյակ ու արաղ, սյոմգա եւ իշխան, սակայն գլխավորը՝ որսալ պահը: Ինչպես ասում էր Ժիրինովսկին, «հերթական խալյավան, որտեղ սեղանի մետրը միլիոն արժե»: Իգոր Մուրադյան
Thursday, August 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment