Thursday, August 23, 2012

Բաքվում «Հարավային Ադրբեջան» խաղաքարտը Իրանի դեմ ճնշման միջոց են համարում

Panorama.am. 22-8-2012- Չնայած Իրանի հետ կապված Արեւմուտքի ծրագրերում մինչ այժմ Իրանի Ատրպատական նահանգում բնակվող թուրքալեզու բնակչության վրա հաշվարկ չէր արվում, վերջին շրջանում արեւմտյան մամուլում այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» անկախության պայքարին աջակցելու հետ կապված կարծիքներ են հնչում: Օրերս ամերիկացի կոնգրեսական Դեյն Ռորաբահերը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայտնել է, որ Վաշինգտոնի կողմից այդ պայքարին աջակցությունը խիստ կարեւոր է: Օրերս այդ հարցին ուշադրություն է դարձրել նաեւ բրիտանական The Guardian թերթը: Ատրպատական նահանգի հետ կապված Արեւմուտքի այդ հանկարծակի ի հայտ եկած հետաքրքրության պատճառների վերաբերյալ «Ազադլիգ»-ի հետ զրույցում ադրբեջանցի քաղաքագետ Լեյլա Ալիեւան ասել է, որ Արեւմուտքն այդ հարցը ցանկանում է որպես ճնշում օգտագործել Իրանի դեմ: Նրա կարծիքով` ԱՄՆ-ից ծագող այդ ճնշումն ավելի շատ «Հարավային Ադրբեջանի» անկախանալու դիրքորոշումն ամրապնդելու նպատակ է հետապնդում: Ադրբեջանի «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն էլ այդ առնչությամբ հայտնել է. «Արեւմուտքը հասկացել է, որ ԱՄՆ-ի «Հարավային Ադրբեջան» գործոնն իսկապես շատ ուժեղ է»: «Արդեն արեւմուտքում հասկանում են, որ առանց հարավցի մեր հայրենակիցների օգնության, անհնարին է Իրանում փոփոխություններ կյանքի կոչել ներսից: Երեւում է` Վաշինգտոնում հաշվարկել են այս բոլոր գործոնները եւ սկսել լուրջ ուշադրություն դարձնել հարցին», -ասել է Շահինօղլուն:

No comments: