Thursday, August 23, 2012

Հույն մետրոպոլիտը կոչ է արել չդիտել թուրքական սերիալները

News.am. 22-8-2012- Հունաստանի Թեսաղոնիկեի մետրոպոլիտ Անֆիմը (Կոստանդնուպոլսի պատրիարքություն) քննադատել է հունական հեռուստալիքներին եւ կոչ է արել հրաժարվել հույների «կյանք ներխուժած» թուրքական սերիալներից։ Կիրակնօրյա պատարագի ընթացքում մետրոպոլիտը հավատացյալներին ուղղված քարոզում թուրքական արտադրության սերիալներին դեմ է արտահայտվել, եւ նշել, որ նույնիսկ եթե դրանք ավելի էժան են, քան հունական արտադրությանները, միեւնույն է պետք է հրաժարվել դրանցից։ Այս մասին Greek Reporter-ին հղումով հայտնում է «Православие.by»-ը։ Սրբազանը հայտարարել է, որ թուրքական արտադրության սերիալները վիրավորում են հույների ազգային գիտակցությունը, եւ կոչ է արել, թուրքական սերիալների ժամերին պարզապես անջատել հեռուստացույցը։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դեմ չէ արվեստին, եւ եթե թուրքերը դադարեն հետապնդել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքությունը, ապա հնարավոր է հունաց եկեղեցու դիրքորոշումը եւս փոխվի։ Հունաստանի «Ոսկե Վերածնունդ» կուսակցության ղեկավար Նիկոլաս Միկալոլիակոսը եւս կոչ է արել ընտրողներին հրաժարվել թուրքական սերիալների դիտումից՝ ի նշան ազգային արժանապատվության։ Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Կոստանդնուպոլսի պատրիարքի «Տիեզերական» կոչումը, չնայած որ, այն նշված է մի շարք է իրավական եւ միջազգային ակտերում։ Թուրքիան պատրիարքին ճանաչում է միայն որպես Թուրքիայի ուղղափառ քրիստոնյաների առաջնորդ։ Բացի այդ, Թուրքիայի կառավարությունը չի թույլատրում Խալկի կղզում վերաբացել ուղղափառ ճեմարանը՝ չնայած այն հանգամանքին, որ Անկարան այս խնդրանքով բազմաթիվ դիմումներ է ստացել պատրիարքարանից եւ միջազգային հանրությունից։

No comments: