Saturday, August 25, 2012

Սիրիահայերին ուղղված պրովոկացիոն հայտարարության հեղինակը թուրքական կողմն է. արաբագետ

Mardik.am. 25-8-2012- Այսօրվա մամլո ասուլիսում արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ Սիրիայում
ծավալված վերջին քաղաքական գործընթացներին, ինչպես նաև սիրիահայերի հասցեին հնչեցված ապստամբների սպառնալից հայտարարությանը և Սիրիայի հայկական համայնքում տիրող տրամադրություններին ու հետագայում սպասվող զարգացումներին: Ընդդիմադիրները չեն կարող պայքարել Սիրիայի ռազմաօդային ուժերի դեմ: «Ընդդիմադիրները չկարողացան իրենց կողմը քաշել Հալեպի և Դամասկոսի բնակիչներին, բացի այդ՝ ընդդիմադիրները միասնական չեն ու չունեն լիդեր»,- ասաց պրն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին սատարող արտաքին ուժերին, ապա նրանք ամեն կերպ օժանդակում են Սիրիայի ընդդիմադիրներին թե՛ ֆինասնական, թե՛ ռազմական առումով՝ պայքարելու կառավարական ուժերի դեմ: Բանախոսի խոսքով՝ Սիրիայի ընդդիմադիրների կազմը էթնիկական առումով միատարր չէ՝ նրանց մեջ կան և՛ ադրբեջանցիներ, և՛ չեչեններ: Սիրիահայ համայնքին ուղղված հայտարարության մասին խոսելիս բանախոսն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ արաբագետի դիտարկմամբ չի բացառվում, որ այս հայտարարությունը տարածել է Թուրքիան: Հարցին՝ արդյոք կփորձի Սիրիայի ղեկավարությունը ներքաշել հայերին՝ օգտագործելով նրանց ստեղծված իրավիճակում, բանախոսն ասաց, որ չպետք է բացառել այդ տարբերակը, քանի որ հայերը բավական չեզոք դիրքում են այս պահին: Պրն Գրիգորանից հետաքրքրվեցին՝ ի վերջո ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը, բանախոսի խոսքով՝ Բաշար Ասադի վարչախումբը կհեռանա, բայց դա չի ազդի հայկական համայնքի միասնականության վրա, ասել է թե՝ համայնքը չի տարրալուծվի: Սակայն քաղաքացիական այս պատերազմը հասել է արդեն Լիբանան, որտեղ ևս, ըստ արաբագետի, ևս կլինեն նման բախումներ, քանի որ Լիբանանում կա շիական մեծ համայնք:

No comments: