Saturday, September 1, 2012

Ադրբեջանական այս սկանդալն իր կոնկրետ գինն ունի. մամուլ

1in.am. 1-9-2012- Հայաստանը խորը դեպրեսիայի մեջ է, Ադրբեջանը` ցնծության: «Հայկական ժամանակ»-ն այսպես է բնորոշել այն, ինչ կատարվում էր երեկ մեր և հակառակորդ երկրներում, երբ հրապարակվեց լուրը. «2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրավիրած արտակարգ հավաքներին և դեպքի առնչությամբ ծավալված իրադարձություններին` «ՀԺ»-ը գրում է. «21-րդ դարում միջազգային հարաբերություններում ուխտադրուժ զարգացումներ չեն լինում: Մյուս կողմից, շատ կասկածելի է Ադրբեջանի այն հայտարարությունը, թե իրենք մեկ տարի է գաղտնի բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ Հունգարիայի հետ. հարց է առաջանում` ումի՞ց գաղտնի ՆԱՏՕ-ի՞ց, ԵՄ-ի՞ց, թե՞ ղարաբաղյան հարցով միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից: Եվ եթե ամփոփենք, կստացվի հետևյալ պատկերը. 1) արդեն վեց տարուց ավելի Սաֆարովի էքստրադիցիան տենչող Ադրբեջանը վերջին մեկ տարում սկսել է հունգարական կողմի հետ գաղտնի բանակցություններ, որից չէին կարող տեղյակ չլինել հայ-ադրբեջանական սառեցված հակամարտության լուծմամբ զբաղվող ՄԽ երկրները. 2) Հայաստանը, եթե ոչ ի սկզբանե, ապա առնվազն վերջին փուլում տեղյակ է եղել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հնարավորության մասին, սակայն թույլ է տվել, որ իրեն խաբեն, և միջազգային աղմուկ չի բարձրացրել. 3) փաստի արձանագրումից հետո Հայաստանը ոչ թե խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, այլ միայն` ժամանակավորապես կասեցնում դրանք և 4) Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը կամ կոնկրետ երկրների միջազգային կազմակերպություններին ոչ Ադրբեջանի և ոչ էլ Հունգարիայի վերաբերյալ ոչ մի պահանջ չի ներկայացնում: «Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ»,- ասում է նա, ինչը առավելագույնը կարող է ենթադրել մեկ-երկու դատապարտող հայտարարություն: Մնում է միայն կռահել, թե ինչը կարող է լինել միջազգային դիվանագիտական այս սկանդալի գինը: Մի բան պարզ է, որ դա չի կարող լինել ոչ Ադրբեջանի ներքին ցնծությունը, ոչ էթնիկ հողի վրա մարդասպան հանձնող անդամ երկիր ունենալու ԵՄ-ի խայտառակությունը և ոչ էլ Հայաստանին ուխտադրուժ կերպով խաբելը: Բայց որ այս սկանդալն իր կոնկրետ գինն ունի, կասկածից վեր է»: «ՀԺ»-ը հավելում է. «Մեր տեղեկություններով, Հանրապետական կուսակցության վերնախավը երեկ երեկոյան լծվել է Սերժ Սարգսյանի հրահանգով Աժ արտահերթ նիստ գումարելու գործընթացին: Սակայն, ուշ գիշերին դեռ հայտնի չէր, թե նիստը երբ կհրավիրվի, բանի որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը մինչև երկուշաբթի օրը Երևանում չի լինելու: Նախնական տվյալներով, հանրապետականները մտադիր են արտահերթ նիստը հրավիրել առաջիկա երեքշաբթի»: ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանից երեկ «ՀԺ»-ն փորձեց պարզել, թե հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ ՊՆ քննչական վարչությունը քրեական հետապնդում սկսի Ռամիլ Սաֆարովի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա իրավական գործընթացներ սկսել և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Այդ դեպքում Սաֆարովի` Ադրբեջանի սահմաններից դուրս գալը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Մերի Սարգսյանը խոստացավ մեկ օրից խնդրի առնչությամբ մեկնաբանություններ տալ:

No comments: