Tuesday, September 25, 2012

Քեմալ Աթաթուրքի անվան հրապարակի բացումը` սկանդալ Կիշպեշտում. «Եվ այդ ամենը կացինով մարդասպանի պատճառով»

Panorama.am. 24-9-2012- Խայտառակ իրավիճակի մեջ կարող է գտնվել Կիշպեշտ թաղամասը Քեմալ Աթաթուրք հրապարակի և հուշարձանի պատճառով, որը հանդիսավոր կերպով պատրաստվում են այս շաբաթ բացել: Չնայած արձանն արդեն պատրաստ է հանդիսավոր բացման համար, արդեն նույնիսկ հրավիրել են Ստամբուլի եղբայր թաղամասի ներկայացուցիչներին, որ մասնակցեն հանդիսավոր արարողությանը, սական «Քեմալ Աթաթուրք» անունը առաջարկող Ֆիդեսի պատգամավորը ցանկանում է վերանայել առաջվա որոշումը: Այս մասին գրում է «hvg.hu» հունգարական կայքը: Ըստ աղբյուրի, մեծամասամբ Ֆիդեսի անդամներից բաղկացած հանձնաժողովը մայիսին որոշում էր կայացրել հարապարակի վերանվանման և արձան տեղադրելու վերաբերյալ, թաղամասի ազգային ժողովի անդամ` Ռիխարդ Տարնաիի առաջարկով, ով հավանաբար Կիշպեշտի ստամբուլյան եղբայր թաղամասին` Պենդիկին էր ուզում բարեկամական ժեստ անել: «Բայց գործը ստվերապատեց «կացինով սպանողի» դեպքը. Ռամիլ Սաֆարովի արտահանձման պատճառով շատ վիրավորված Հունգարիայի հայերը վերանվանումը կարող են գնահատել, որպես մի նոր թշնամական ժեստ: Հրապարակի վերանվանման կապակցությամբ նաև բողոք է արտահայտել Բուդապեշտում գործող Թուրքիայի դեսպան Հ. Կեմալ Գուրը: Ըստ նրա հրապարակի չափը և տարածքի գտնվելու վայրը արժանի չէ Աթաթուրքի հիշատակին, և վշտացնում էր այն, որ վերանվանման մասին դեսպանատանը տեղյակ չեն պահել: «Կիշպեշտի թաղապետ Պետեր Գայդան տեղյակ է, որ Ֆիդեսի պատգամավորները երեքշաբթի օրը, ժողովի նստին առաջարկ են ներկայացնելու նախկին որոշման փոփոխման մասին: Եթե դա իրականանա, ապա շատ անհարմար իրավիճակ կստեղծվի, քանի որ արդեն հրավիրել են եղբայր թաղամասի ներկայացուցիչներին, և արդեն պատրաստ, Թուրքիայից բերած կիսարձանի համար էլ նոր վայր պիտի փնտրվի»,- գրում է թերթը: «Երեք պատճառով է այս դեպքը թաղամասի համար անհարմար դրություն: Առաջին հերթին Կիշպեշտի բնակիչներին հաշվի չեն առել որոշում կայացնելիս, հիմա էլ կամ թուրքերին, կամ հայերին կվիրավորեն» - Պետեր Գայդային է մեջբերել թերթը: «Առավել ևս, որ թուրք եղբայր թաղամասը ոչ մի անգամ չի խնդրել, որ մենք ինչ-որ մի թուրք քաղաքական գործչի անունով հրապարակ անվանենք, այս գաղափարը Ռիխարդ Տարնաինն է»,-հավելե է նա: Գայդայի կարծիքով շատ հնարավոր է, որ նիստի ժամանակ հրաժարվեն Աթաթուրքի հրապարակի բացումից: Այս դեպքում փոխզիջման լուծում կարող է լինել այն, որ Աթաթուրք անվան փոխարեն հրապարակն անվանեն Պենդիկի հրապարակ: Իհարկե, այս դեպքում պատրաստած արձանն այլևս չեն կարող այստեղ տեղադրել: Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ այն կնվիրեն Յանոշ Բոյայիի անվան միջնակարգ դպրոցին, քանի որ դպրոցը ուսանողներ է փոխանակում Թուրքիայի մի դպրոցի հետ ,– նշել է Կիշպեշտի թաղապետը:

No comments: