Հարգելի պատգամավորներ, Հարցի վերաբերյալ կցանկանայի անդրադառնալ հետևյալ կետերին. 1. 2004թ. Սաֆարովի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այդ փորձերի մասին՝ Հայաստանը բոլոր՝ Հանրապետության Նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին, ներառյալ օգոստոսի 22-ին,23-ին, 24-ին Հունգարիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններում, նաև՝ խորհրդարանում: Այդ հավաստիացումները վերահաստատելու համար օգոստոսի 24-ին մեր կողմից գրավոր հարցում է ներկայացվել Հունգարիայի իշխանություններին: Այդ հարցման պատասխանի ուշացման պատճառով, օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում, որոնց ժամանակ կրկին ասվել է, որ նման բան չկա: Հետագա զարգացումները հայտնի են: 2. Հանցագործության առաջին իսկ օրվանից հունգարական իշխանությունները քաջատեղյակ էին, որ Ադրբեջանը փառաբանում է այդ ոճրագործությունը և հերոսացնում կատարողին՝ անգամ այն աստիճան, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար: Բնականաբար այս տարիների ընթացքում Հունգարիայի իշխանությունները տեղի չէին տալիս Ադրբեջանի կեղծ խոստումներին առ այն, որ մարդասպանը կշարունակի սահմանված պատիժը կրել տեղափոխման դեպքում: Ադրբեջանի հետ այս կասկածելի գործարքին գնացած Հունգարիայի կառավարությունը ներկայացնում է ադրբեջանական կողմից ստացված շինծու մի նամակ՝ ձևացնելով, որ հավատացել է Ադրբեջանի կեղծ հավաստիացումներին: Բնական է, որ այսօր հունգարական կառավարությունը չի կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու նման կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ իր դիրքորոշման մեջ և ինչու հանկարծ այդքան դյուրահավատորեն ընդունեցին ադրբեջանական ստերը: 3. Հունգարիայի ներկա կառավարությունը նաև չի կարողանում որևիցե համոզիչ փաստարկ ներկայացնել, թե ինչու է գործել գաղտագողի, ինչը պնդում է Բաքուն: Եվ ինչպես վկայում է սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպումը, եռանախագահող երկրները նույնպես տեղյակ չեն եղել այդ գործարքի մասին: Համանախագահ երկրների դատապարտող հայտարարությունները ևս վկայում են այդ մասին: 4. Հունգարիայի կառավարությունն այս գործարքով մեծ հարված հասցրեց ոչ միայն իր երկրի միջազգային հեղինակությանը, այլ նաև հայ-հունգարական միջպետական հարաբերություններին, ինչը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների կասեցմանը: Հազարավոր հունգարացիների, կրոնական առաջնորդների, տարբեր հասարակական քաղաքական կառույցների արձագանքները, նամակներն ու հայտարարությունները, բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ Հունգարիայի ժողովուրդը չի կիսում և խստորեն դատապարտում է կառավարության այս անընդունելի քայլը, իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: Վստահաբար բարեկամության դարավոր ավանդույթներ ունեցող հայ և հունգար ժողովուրդները կկարողանան հաղթահարել Հունգարիայի ներկա կառավարության կողմից պարտադրված այս փորձությունը: 5. Մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու՝ Ադրբեջանի ղեկավարության այս ցուցադրական, գռեհիկ քայլերը ցնցել են միջազգային հանրությանը, բայց ոչ պակաս ցնցում են Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային իրավունքի, և ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ: Հայտնի են այն բազմաթիվ գնահատականները, որոնք տարբեր միջազգային կառույցների, երկրների կողմից տրվել են այս գործարքին: Ես կցանկանամ մեջբերել րոպեներ առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությունը, որտեղ հատկապես մտահոգվածություն է հայտնվում, որ այս գործարքում չարաշահվել է Եվրոպայի խորհրդի իրավական գործիքը: Միջազգային հանրության միահամուռ, հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակությանը վկայում է, որ նման երևույթները չեն կարող հանդուրժվել: 6. Ադրբեջանա-հունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է՝ ձախողելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը: Այս ուղղությամբ Հայաստանը գործադրել է և շարունակելու է ինտենսիվ ջանքեր գործադրել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ համատեղ: 7. Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր հետագա վճռական քայլերը, շարունակենք միջազգային հանրության կողմից ըմբռնելի, հավասարակշիռ և կառուցողական մեր քաղաքականությունը ու մեր գործընկերների հետ համատեղ ավելացնենք ջանքերը՝ ուղղված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment