«Լրագիր» 25-9-2012-Ասուլիսների ընթացքում սոցիոլոգ ներկայացող Ահարոն Ադիբեկյանի հրապարակած վերջին տվյալից հետո, ըստ որի հանրությունն ունի ընդդիմադիր միասնական թեկնածուի պահանջարկ եւ ամենից նախընտրելի թեկնածու դիտարկում է Գագիկ Ծառուկյանին, շատերը սկսեցին Ադիբեկյանի այդ հայտարարությունը որակել հերթական պատվեր: Հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մարդկանց մի զգալի մաս սկսեց հայտարարել, թե այդ հարցումը զավեշտ է, մտացածին մի բան, պատվեր: Գուցե պատվեր է, ով գիտե: Համենայն դեպս, փաստացի ապացույցներ չկան: Բայց, եթե անգամ պատվեր է, ապա այստեղ Ադիբեկյանի համար թերեւս այդքան էլ դժվար չի եղել կատարել այն: Համենայն դեպս, դա գուցե այն եզակի պատվերներից է, որտեղ կատարողը թերեւս ստիպված չի եղել գնալ իրականության եւ խղճի դեմ: Իսկ ո՞վ է կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը ներկայում ամենամեծ պահանջարկ եւ վարկանիշ ունեցող գործիչն է: Ինչի՞ վրա է հիմնված այդ կասկածը: Որ նա ինտելեկտուալ տեսանկյունից ամենաթու՞յլն է դաշտում եղած մյուս գործիչներից: Իսկ եթե մյուսներն ինտելեկտուալ են, դարձվածքաբանության բնածին տաղանդի տեր, գիտեն մի քանի լեզուներ, կարողանում են խոսել արդիականությունից, արագ փոփոխվող աշխարհից, եւ այլն, նրանցից ի՞նչ օգուտ եւ շահ է տեսնում հանրությունը: Ի՞նչ են փոխում նրանք հասարակության կյանքում, իրենց ինտելեկտով, դարձվածքներով, խավարի մեջ վառվող մոմերով եւ պահվող ծոմերով: Ի՞նչ են փոխում, բացի հետո հասարակությանն անտարբերության, կաշառվելու, ձայնի արժեքը չգիտակցելու համար մեղադրելուց: Իսկ հասարակությունն ունի կոնկրետ խնդիրներ, ու որեւէ գործչից սպասում է որեւէ կոնկրետ խնդրի լուծում: Իհարկե, այդ խնդիրները տարբեր դասակարգում ունեն, տարբեր է դրանց հերթականությունը, ըստ սոցիալական կարգավիճակի, ըստ կրթվածության մակարդակի, եւ այլն: Բայց, այստեղ թող քաղաքական գործիչները ձեռքները դնեն իրենց խղճին ու ազնվորեն խոստովանեն, թե իրենցից ով է ավելի շատ խնդիր լուծում, կամ թեկուզ քիչ, սակայն ավելի հիմնարար խնդիր լուծում հասարակության համար, քան Գագիկ Ծառուկյանը: Իհարկե, նա տրակտոր է բաժանում, խաղող մթերում, պարարտանյութ կամ խոտ բաժանում, եւ էլի նման բաժանումներ, ու հետո բաժանածից ավելի շատ գովազդում բաժանման պրոցեսը, բայց, ով է անում դրանից ավելի, բացի անվերջ խոսելուց: Իրականում, Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը կեղծիք չէ, այլ դառը ճշմարտություն: Նորմալ հասարակություններում, արդյունավետ քաղաքական դաշտի, քաղաքական արդիական դասի պայմաններում Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ամենաբարձրը չէր կարող լինել իր վարկանիշով, որքան էլ որ փող եւ նյութ բաժաներ, այլ նույնիսկ չէր կարող գոյություն ունենալ այդ քաղաքական դաշտում: Բայց Հայաստանում, որեւէ մեկը, թե իշխանության, թե ընդդիմության մեջ, ներկայում նրանից ավելին չէ: Ու դա ոչ թե Ծառուկյանի հաջողությունն է, այլ Հայաստանի անկախ հանրապետության ամենամեծ տապալումներից ու ձախողումներից մեկը: Եվ պետք չէ դրա համար էլ մեղադրել տգետ կամ նյութապաշտ հասարակությանը: Ի վերջո, մարդիկ երկրում փոփոխություններ են ուզում: Երբ ոչ ոք չի տալիս այդ շոշափելի փոփոխությունը, մնում է միայն նա, ով գոնե ինչ որ նյութական բաներ է տալիս: Դա իհարկե փչացնում է հանրային հոգեբանությունը, դա արգելակում է հասարակական ինքնագիտակցության առաջընթացը, իրավագիտակցությունը, քաղաքացիական գիտակցությունը: Բայց, այդ ամենի տակ պետք է այդուհանդերձ լինեն ոչ միայն ոչինչ չասող խոսքեր, այլ կոնկրետ, շոշափելի իրականություն: Վատ է, բայց այդպես է գրեթե ամենուր՝ հասարակության որակյալ մասն ամենեւին մեծամասնություն չէ: Հասարակությունների մեծամասնությունը գնահատում, չափում եւ դատում է ըստ նյութական բարեկեցության, եթե իհարկե ֆորս-մաժորի իրավիճակում առաջնային չի դառնում անվտանգության խնդիրը; Զարգացած պետություններում փոքրամասնությունն է փոխել իրավիճակը եւ սահմանել խաղի այնպիսի կանոններ, որտեղ բարեկեցությունն ու պաշտպանվածությունը, բարեկեցությունն ու քաղաքացիական ազատությունը ոչ թե հակասել են իրար, այլ լրացրել, ամբողջացրել: Փոխեք խաղի այդ կանոնները, եւ ամենազարգացած երկրում էլ անմիջապես կլինի այն հասարակությունը, ինչ Հայաստանում: Երբ Հայաստանում չկա այդ փոքրամասնությունը, որը կարող է արագ, արդյունավետ, շոշափելի կերպով փոխել երկրում առկա խաղի կանոնները եւ վերացնել նյութականի, հոգեւորի եւ իրավականի միջեւ եղած հակասությունը, դրանք դարձնելով ներդաշնակ ու փոխլրացնող, մեծամասնության հերոս են դառնում նրանք, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը կառուցում են եղած հակասությունը խաղարկելով: Վատ է դա, թե լավ, այլ հարց է: Բայց թերեւս օրինաչափ է: Հետեւաբար, այդ օրինաչափությունը կեղծիք հռչակելու փոխարեն, թերեւս անհրաժեշտ է մտածել իրականությունը փոխելու մասին, որովհետեւ կեղծիք հռչակելով ոչինչ չի փոխվում: Հակառակը, այդ հռչակագրերը սկսում են աշխատել “հերոսի” օգտին, որովհետեւ իրականությունը, խաղի կանոնները, հետեւաբար հանրային մտածողությունն ու պատկերացումները, նույնն են: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Wednesday, September 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment