Wednesday, September 5, 2012

Գորիկ Գուրգենիչի հանձնարարությունը

«Լրագիր» 5-9-2012- Շատերն են ուզում իմանալ, թե այդուհանդերձ ինչ հանձնարարություն տվեց Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրեն Գորիկ Գուրգենիչ Հակոբյանին: Ի դեպ, հնարավոր է, որ ոչ մի հանձնարարություն էլ չի եղել: Շատերը համարում են, որ դա ցուցադրական քայլ էր, հրապարակային սպառման համար՝ Սաֆարովի էքստրադիցիայի հարցում սեփական պատասխանատվության կամ անպատասխանատվության վերաբերյալ հասարակական բուռն հարցադրումները փոքր ինչ չեզոքացնելու համար: Բայց, հնարավոր է նաեւ, որ հատուկ հանձնարարություն եղել է, որը սակայն վերաբերել է ոչ թե արտաքին զարգացումներին՝ կապված Սաֆարովի կամ դրա էքստրադիցիայից հետո հնարավոր քաղաքական զարգացումների հետ, այլ ներքին իրավիճակին, որտեղ Սերժ Սարգսյանի մրցակիցները կամ հակառակորդները կարող էին առիթն օգտագործել նրա դեմ քաղաքական լուրջ արշավ սկսելու եւ լուրջ հարված հասցնելու համար: Բանն այն է, որ տեղի ունեցածը, առնվազն առաջին ալիքի էֆեկտով, շատ լուրջ հարված էր Սերժ Սարգսյանի իշխանությանը, դրա արդյունավետությանը, արտաքին քաղաքական ու անվտանգության խնդիրների հարցում դրա կենսունակությանը: Քաղաքական ընդդիմախոսների, մրցակիցների ու հակառակորդների համար դա բավական լուրջ քաղաքական հիմք էր Սերժ Սարգսյանի դեմ լայնածավալ քաղաքական շարժ սկսելու համար: Հենց նույն օրը, երբ ստացվեց Սաֆարովի հանձնման եւ ազատ արձակման մասին տեղեկությունը, եւ երբ Սերժ Սարգսյանը հրավիրեց ԱԱԽ նիստ ու նաեւ խորհրդակցության հրավիրեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ բավական կոշտ հայտարարությամբ, ուղղված Հայաստանի իշխանությանը: Կոնգրեսը դատապարտելով ու գնահատական տալով Հունգարիայի ու Ադրբեջանի քայլին, հայտարարության հիմնական մասով բարձրացնում էր Հայաստանի իշխանության պատասխանատվության հարցն ու հայտարարում, որ սա ցույց է տալիս, որ իշխող վարչախումբը մտահոգված չէ պետական շահով: Սակայն, Կոնգրեսի այդ արձագանքը մնաց թերեւս միակը, որ իշխանության հասցեին այդօրինակ խստությամբ հնչեց քաղաքական դաշտում: Պաշտոնական առումով կարծես թե որեւէ այլ քաղաքական ուժ այդպես էլ չբարձրացրեց իշխանության անմիջական պատասխանատվության խնդիրը: Հայ ազգային կոնգրեսն էլ իր հայտարարությունից հետո կարծես թե առանձնապես չծավալվեց հետագա օրերին, չփորձեց գեներացնել հայտարարության էֆեկտը: Նույնիսկ Դաշնակցությունը չհիշեց Նալբանդյանի հրաժարականի մասին, թեեւ կարծես թե կային դաշնակցական այդ հինավուրց պահանջը թարմացնելու բոլոր հիմքերը: Կոնգրեսը, որ առաջինն արձագանքեց եւ խստորեն դատապարտեց իշխանության անգործությունը, փաստացի մնաց մենակ, իսկ վերջին ամիսների նրա անբաժան ուղեկից Բարգավաճ Հայաստանը բավարարվեց ընդամենը Facebook-ում Վարդան Օսկանյանի «անձնական կարծիքով»: Փոխարենը, բավական հետաքրքրական հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Այդ հայտարարության մեջ որեւէ խոսք չկար Հայաստանի իշխանության պատասխանատվության մասին, ինչն աննախադեպ էր թերեւս այն առումով, որ երկրորդ նախագահի հետնախագահական գրեթե բոլոր արձագանքներում՝ թե ներքին, թե արտաքին առիթներով, ինչ որ կերպ առնվազն ակնարկվել է իշխանության պատասխանատվության մասին: Մինչդեռ այս պարագայում, երբ իսկապես կային դրա համար հիմքեր, Ռոբերտ Քոչարյանը ձեռնպահ մնաց դրանք օգտագործելուց: Միեւնույն ժամանակ, գրեթե զուգահեռ, երբ տարածվում էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, Սերժ Սարգսյանը Գյումրիում բավական ծանր կացության մեջ էր դնում Բարգավաճ Հայաստանին, հայտարարելով, թե ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն է: Դրանից առաջ էլ փոխվեցին ՊԵԿ երկու փոխնախագահները, որոնցից մեկը՝ Ռուբիկ, կամ ինչպես տարիներ առաջ էր ներկայացվում՝ Ռոբերտ Քոչարյանը այսպես ասած դաշնակցական շրջանակի մարդ էր, իսկ Արտաշես Բեյբությանն էլ բավական ազդեցիկ էր ՊԵԿ տարածքային կառույցների գործունեության համակարգման տեսանկյունից: Տպավորությունն այն է, որ Գորիկ Գուրգենիչին «հատուկ հանձնարարություն» «տալով», Սերժ Սարգսյանն ավելի շատ ներքին, քան արտաքին էֆեկտ ստացավ, կանխելով ներքաղաքական մրցակցության կամ ընդդիմախոսության բավական վտանգավոր գեներացիան, որի համար առկա էր բավական լուրջ հիմք: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: