Saturday, April 5, 2008

ՀՈՒՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎԵԼ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԹՈՒՐՔ ՀՐԱՏԱՐԱԿՉԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԱԹԵՆՔ, 3 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլ 8-ին Ստամբուլում տեղի կունենա թուրք հայտնի հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի դատավարությունը: Նա մեղադրվում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (թուրքական ինքնությունը վիրավորելը)` Ջորջ Ջերջյանի ցեղասպանությանը նվիրված գիրքը տպագրելու համար:
Հայ դատի Հունաստանի հանձնախումբը դիմել է 24 հույն պատգամավորների` խնդրելով վերջիններիս միջամտությունը Եվրոպական խորհրդարանում, որպեսզի Զարաքոլուի դատավարությանը հետեւեն նաեւ եվրոպական կառույցներ` Թուրքիային ապացուցելու, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող մշտապես անտեսվել: Հույն պատգամավորներին Հայ դատի հանձնախմբի կողմից ուղարկված գրությանը կցված է նաեւ Հրատարակիչների միջազգային միության նամակը, որն ուղարկվել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենին:
Հայ դատի հանձնախմբի նամակին արդեն իսկ արձագանքել են «Նոր հանրապետություն» կուսակցությունից Եվրախորհրդարանում պատգամավոր Մարիա Պանայոտոպուլու-Կասիոտուն եւ Մարղարիտիս Սխինասը, որոնք պատրաստակամություն են հայտնել փոխանցելու դիմումը ԵՄ - Թուրքիա խորհրդարանական հանձնախմբի ղեկավարին:
ՊԱՍՈԿ խմբակցության ղեկավար Ստավրոս Լամպրինիտիսը պատասխան նամակով տեղեկացրել է, որ խմբակցության բոլոր պատգամավորները Օլի Ռենին նամակ են ուղարկել` պահանջելով հիշյալ հարցում ԵՄ միջամտությունը: Միաժամանակ պատգամավոր Մարիելենա Կոբան, խորհրդարանի քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադառնալով Զարաքոլուի դատավարությանը, պահանջել է Թուրքիայի ՔՕ-ից վերացնել 301-րդ հոդվածը:

No comments: