
Իսկ Սերժ Սարգսյանը կարող է ձերբազատվել օլիգարխներից, եթե նրանց օգնությամբ է դարձել նախագահ` հարցին` այսօր պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ոչ թե ձերբազատվի, այլ ասի հերիք եղավ, բոլ եղավ: Նա կարող է այդպես ասել եւ պետք է ասի, որ հերիք է, ինչ հարկեր չմուծեցին եւ արտոնյալ եղան, պետք է այժմ արդեն սկսել օրինական դաշտում աշխատել: Բոլոր պետությունները հասել են այդ սահմանին, երբ ասվել է հերիք ու բոլ Է: Օլիգարխները այնքան փող են կուտակել, որ ժամանակն է արդեն իրենց փողը ներդնեն այս կամ այն տեղերում, ոչ թե ժողովրդի փողը»: Որքան էլ օլիգարխներից ազատվելն այսօր Տիգրան Կարապետիչը համարում է կարեւոր քայլ, սակայն գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է կատարի հստակ, ոչ թե կիսատ քայլեր, հակառակ դեպքում, մարդկանց մեկուսացնելով` միեւնույն է, խնդիրները չեն լուծվի:
«Ժողովուրդն այսօր ակնկալում է կտրուկ քայլեր: Պետք է լինի երկխոսություն ընդդիմության հետ»,- ասաց Տիգրան Կարապետիչը: Նա ենթադրում է, որ ընդդիմությունը երկխոսության կհամաձայնվի, եթե առաջին հերթին իշխանություններն ազատ արձակեն ձերբակալվածներին: Ձերբակալվածների ազատ արձակումից հետո, ըստ նրա, ընդդիմությունը պետք է պահանջի ցրել խորհրդարանը եւ նոր ընտրություններն անցկացնել: Թերեւս սա այն հարցն է, որին Կարապետիչը հավանություն է տալիս: «Դա կլինի բարոյական քայլ, որովհետեւ ներկայիս խորհրդարանը ձեւավորվել է անբարոյական ձեւով»,- ասաց նա: Նրա կարծիքով այսօր Սերժ Սարգսյանի համար անխուսափելի քայլ է նաեւ կառավարության կազմի` 80 տոկոսի փոփոխությունը: Նա այսօր հրաժարվեց ասել, թե կոնկրետ կառավարության որ անդամներին պետք է փոխի Սերժ Սարգսյանը, սակայն հուշեց. «Պետք է ազատվել նեգատիվ ընկալում ունեցող անձանցից: Օրինակ` կարող եմ ասել, որ ժողովուրդը դժգոհ է տարածքներից/ Տարածքային կառավարման նախարարություն-խմբ»: Տիգրան Կարապետիչը Սերժ Սարգսյանին նաեւ հուշեց, որ փոփոխությունների համար շատ քիչ ժամանակ ունի:
Այսօր Տիգրան Կարապետյանից լրագրողները նաեւ հետաքրրքվեցին, թե արդյոք նա չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել իբրեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում, երբ համապատասխան օրենքի ընդունումից հետո` քաղաքապետի պաշտոնը կդառնա ընտրովի: «Գուցե Երեւանի քաղաքապետի պաշտոնը, որպես մխիթարություն, տան Դաշնակցությանը, թեեւ գուցե դա Դաշնակցության համար շատ լինի»,- կանխատեսեց պարոն Կարապետյանը եւ տեղեկացրեց, որ իր կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությանը, քանի որ ինչքան շատ ավագանի ունենան, այնքան մեծ կլինի քաղաքապետ ունենալու շանսը, որովհետեւ ավագանին է ընտրելու Երեւանի քաղաքապետին:
Այսօր Տիգրան Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ շարունակելու է քաղաքական թեմաներով իր ստեղծագործությունները, անկախ այն հանգամանքից, թե ինչպես են դրանք ընկալվում: Ինչ վերաբերում է Հեղինե Բիշարյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում է պատասխանատվության ենթարկել Տիգրան Կարապետիչին «Արթուր Բաղդասարյանի դոշից կախ» արտահայտության համար, որը տեղ է գտել նրա ստեղծագործություններից մեկում:
«Եթե հարգարժան Հեղինե Բիշարյանը համաձայնի իմ հետ մտնել դատարան, ապա ես շնորհակալ կլինեմ դրա համար, դա կընդունեմ որպես պարծանք` չարի դեմ պայքարելու համար»-ասաց նա: Այսօր նա մանրամասսնեց, որ իր այդ տողերի տակ սեռական բնույթի ենթատեքստ չկա, դա միայն քաղաքական գնահատական է: Իսկ Հեղինե Բիշարյանի երեկվա ասուլիսը Տիգրան Կարապետիչի իսկապեսս զարմացրել է. «Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Աժ պատգամավոր է խոսում, այլ` ժեկի աշխատող»:
Տիգրան Կարապետիչն այսօր տեղեկացրեց, որ շարունակելու է գրել քաղաքական թեմաներով եւ հերթի մեջ են Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:
No comments:
Post a Comment