Saturday, April 5, 2008

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՕԲԱՄԱՆ ԼԱՎ Է ԳԻՏԱԿՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բարաք Օբաման շատ լավ է գիտակցում Թուրքիայի նշանակությունը: Այս մասին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածության համար պայքարող դեմոկրատ Բարաք Օբամայի խորհրդականներից Դենիս Մքդոնուն: «Բարաքը հավատում է Իրաքի քաղաքականության հարցում տարածաշրջանի հարեւանների եւ դաշնակիցների հետ ավելի շատ եւ ավելի լավ աշխատելու անհրաժեշտությանը: Շատ լավ է գիտակցում Թուրքիայի նշանակությունը: Հավատում է նաեւ նախկինի պես Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ լավ հարաբերությունների եւ համագործակցության հաստատման անհրաժեշտությանը: Մենք հավատում ենք Թուրքիային եվրաինտեգրման հարցում ավելի շատ աջակցելու եւ նրա` ԵՄ լիիրավ անդամ դառնալու անհրաժեշտությանը: Եվրոպան անպայման պետք է ընդունի Թուրքիային»,- հայտարարել է Բարաք Օբամայի խորհրդականը: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածության համար պայքարող Բարաք Օբամային այն պատճատով, որ վերջինս խոստացել է նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի վարչապետը Օբամային մեղադրել էր «քաղաքական անփորձության մեջ» եւ հայտարարել, որ «բոլորը շատ լավ գիտակցում են, որ եթե ընդունվի հայկական օրինագիծը, ապա Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են կրել անվերականգնելի վնասներ»:

No comments: